ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և այլ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ, վերացնել խտրական դրսևորումները, գնահատված կարիքին համարժեք՝ մատուցել հասցեական ծառայություններ։

Ներկայումս հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մոտեցումներն ու սկզբունքներն սահմանված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունված օրենքով, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել անձի կարողությունների բազմակողմանի գնահատում, հաշվի չեն առնվել շրջակա միջավայրի գործոնները, որոնք էական ազդեցություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում լիարժեք գործունեությունն իրականացնելու վրա:

Ներկայացված օրինագծերի փաթեթով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովումը։

 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների համաձայն՝ արգելվում է  հաշմանդամության հիմքով խտրականությունը, որի դրսևորման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել դատարան։

Մեկ այլ դրույթով մատչելիությունը չպահպանելու դեպքերում սահմանվում են պատժի մեխանիզմներ և տուգանք։ Այսուհետ, չի թույլատրվելու բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի, հասարարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծումը, շինարարությունը և վերակառուցումը (հանրային նշանակության շենքերի եւ շինությունների դեպքում նաև հիմնանորոգումը), եթե իրականացման արդյունքները չեն համապատասխանելու համընդհանուր դիզայնի սկզբունքներին կամ այլ կերպ մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար: Կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինություններն, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում, վերակառուցվելու են՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը։

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծով  նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին, որի նպատակն է հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրմամբ հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հիմքերի ստեղծումը՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների վրա: Հաշմանդամության սահմանման գործող  համակարգն ունի առավելապես բժշկական մոտեցում (բժշկասոցիալական փորձաքննության չափանիշների հիմքում ընկած է հաշմանդամության բժշկական մոդելը)։

Անցումը ֆունկցիոնալության գնահատման պայմանավորված է նրանով, որ փոխվել է հաշմանդամության վերաբերյալ գաղափարախոսությունը և նշանակալից տեղ են տրվում միջավայրային գործոններին, որոնք կարող են խոչընդոտել կամ օգնել անձին հաղթահարելու առողջության մակարդակում ի հայտ եկած խնդիրները։ Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով: Հաշմանդամության խմբերի փոխարեն այսուհետ կսահմանվեն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր, խորը:

Այս համատեքստում հաշմանդամությունն այլևս չի դիտարկվի որպես մշտական առողջական խնդիր․ հաշմանդամության գնահատման հիմքում կդրվի ոչ միայն առողջական խնդիրների գործոնն, այլև՝ անձի հասարարական կյանքի գործունեության ու մասնակցության միջավայրային գործոնները։

206