Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մեծ փաթեթը, որ մի շարք առանցքային փոփոխություններ է նախատեսում:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ 18:30-ին գումարվելիք արտահերթ նիստում: Մինչ այդ պատգամավորները կարող են առաջարկներ ներկայացնել: 

Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները երեկ վստահեցրին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ՝ ֆիզիկապես չեն հասցնի բոլոր իրավական գործընթացներն անցնել: Մինչ նախագծի վերաբերյալ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը անդրադառնալը ներկայացնենք մի շարք առանցքային փոփոխություններ: 

փոփոխություններ

Փաթեթով առաջարկվում է՝ նվազեցնել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 մլն, դաշինքի դեպքում առաջարկվում է 15 մլն դրամ:

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից՝  7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս: Երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաեւ քաղաքական կոալիցիաներ ձեւավորելու կարգը: Առաջնահերթ կոալիցիա ձեւավորելու հնարավորություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է  մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք համաձայնության ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Եթե 14 օրում բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունը ստացած կուսակցությունը (դաշինքը) քաղաքական կոալիցիա չի ձեւավորում, ապա մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) 7-օրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է  մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Հաջորդ փոփոխությունը՝ հայտարարագրման ենթակա ծախսերի ընդլայնում. ֆինանսական ծախսերը կլինեն ավելի թափանցիկ, մասնավորապես՝ եթե նախկինում անվճար գույք կամ այլ ծառայություն էր տրամադրվում, եւ այն հնարավոր էր չհայտարարագրել, հիմա արդեն հնարավոր չի լինի:

Մյուս փոփոխությունը հետեւյալն է. նախորդ ընտրություններին ներդրված Հանրային հեռուստատեսությամբ թեկնածուների միջեւ բանավեճերի կարգը ստանում է օրենքի ուժ: Ամրագրվում է, որ Հանրային ռադիոն եւ Հանրային հեռուստատեսությունը պարտավորվում են նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում կազմակերպել հեռուստաբանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ ԱԺ ընտրությունների դեպքում հեռուստաբանավեճերի քանակը չպետք է պակաս լինի 4-ից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տեւողությամբ, իսկ հեռուստաբանավեճերից առնվազն մեկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակների 1-ին համարները։

Մյուս առանցքային փոփոխությունն այն է, որ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները քվեարկությունից հետո երկօրյա ժամկետում հրապարակվելու են ԿԸՀ-ի համացանցային կայքում:

Շարունակությունը՝ armtimes.am-ում։

07 Մայիս, 2021 15:53
685
; ;