Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ (որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում) համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։ 

«Հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, կալանքի պայմանները ևս համապատասխանում են այդ նորմերին։ Ադրբեջանը կատարել է հայկական կողմին ռազմագերիներին հանձնելու իր պարտավորությունները»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է նայեւ այն միջադեպի մասին որի հետևանքով Ադրբեջանում մի խումբ հայ զինծառայողներ են ձերբակալվել։

«Հայ զինվորականների՝ Ադրբեջանի տարածք ներթափանցելու փորձի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են ադրբեջանցի զինվորականներ եւ քաղաքացիական անձինք։ Այդ խմբի մի մասը, որը դիմադրություն է ցույց տվել, ոչնչացվել է, մյուսների նկատմամբ ներկայումս քննչական գործողություններ են իրականացվում»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պահվող անձանց նկատմամբ կատարում է մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը․

«Նրանց այցի հնարավորություն ունեն Կարմիր խաչի ներկայացուցիչները, Ադրբեջանի օմբուդսմենը, փաստաբաններն ու բժիշկները։ Ձերբակալվածների համար հնարավորություն է ստեղծել հեռախոսային եւ տեսահաղորդակցային կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ»։

1269