Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները շարունակում են վայրի բնության հետաքրքիր և կենդանի կադրեր ֆիքսել։ Այս անգամ անտառապահի տեսախցիկի առջև են հայտնվել գորշ արջերը, որոնց ազատությունը շատ բարձր է գնահատվում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։

Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը(FPWC):

Կադրերը ֆիքսվել են Վայոց ձորի մարզում․ կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը ձգվում է Արարատից մինչև Վայոց ձոր։ Ամբողջ տարածքում FPWC կողմից կառավարվող CWR-ի անտառապահներն իրականացնում են մասնավոր կերպով մշտական և աչալուրջ պահպանություն՝ թույլ չտալով որսագողություն, անտառհատումներ և բնության նկատմամբ այլ հանցագործություններ։ Ըստ հիմնադրամի, բազմաթիվ երկրներ զրկված են վայրի բնության մեջ նման բազմատեսակ կենդանական և բուսական աշխարհ ունենալու հնարավորությունից, իսկ Հայաստանն այս առումով յուրահատուկ է, ուստի պետք է արվի ամեն հնարավորն այս բազմազանության պահպանության ուղղությամբ։

Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv):

ԿԳ տվյալները փաստում են՝ այն, ու արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:

 

1622