ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նախարարության, թանգարանի աշխատակիցների, մտավորականների ու արվեստագետների հետ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել մեծանուն կոմպոզիտորի շիրիմին և խնկարկել հիշատակը: Թանգարանի նախաձեռնությամբ նախարարի տեղակալը, անվանի մտավորականներն ու արվեստագետները նաև խորհրդանշական վարդեր են տնկել կոմպոզիտորի շիրիմի մոտ:

Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ Սպենդիարյանի հիշատակի օրը, որն ավանդաբար նշվում է մայիսի 7-ին, լավ առիթ է՝ ևս մեկ անգամ խոսելու և ներկայացնելու հայ երաժշտարվեստում այն մեծ ժառանգությունը, որը թողել է մեծանուն կոմպոզիտորը:

«1928 թվականի մայիսի 7-ին, երբ Ալեքսանդր Սպենդիարյանը կնքել է իր մահկանացուն, նրա մտերիմ ընկերոջ՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ որոշվել է կոմպոզիտորի աճյունն ամփոփել կառուցվող Ժողովրդական տան, այժմ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում: Թամանյանն անձամբ էր խնամում և մշակում ընկերոջ շիրիմի մոտ աճեցրած վարդերը, հոգ էր տանում, որ դրանք միշտ դալար մնան: Որոշեցինք ժամանակի մտավորականության, մեր հասարակության միջոցով վերականգնել այդ ազնվագույն ավանդույթն ու կոմպոզիտորի շիրիմի մոտ իրականացնել վարդատունկ»,- նշել է թանգարանի տնօրենը:

Անդրադառնալով Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներին՝ Մարինե Օթարյանը տեղեկացրել է, որ նախատեսվում են համերգային ծրագրեր, գիտաժողովներ և հրատարակություններ: Ծրագրեր կիրականացվեն նաև կոմպոզիտորի ծննդավայրում՝ Ղրիմում, Թբիլիսիում՝ Թումանյանի տուն-թանգարանի հետ, ինչպես նաև Մոսկվայում և Լոնդոնում:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը պատրաստում է պատկերագիրք և ձայնասկավառակ: Կոմպոզիտորի ստեղծագործությունների ձայնագրությունը կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, իսկ պատկերագրքի պատրաստումը՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտական կազմը: Արդեն պատրաստ է Գեորգի Բուդաղյանի «Ալմաստի» գործիքավորման մասին գիրքը, որը սպասում է իր գինեձոնին: Կոմպոզիտորի հոբելյանին նվիրված՝ առաջիկայում Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի համերգներն են»,- տեղեկացրել է Մարինե Օթարյանը և անդրադարձել մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում կոմպոզիտորի տուն-թանգարանի պուրակում նախատեսվող միջոցառումներին:

«Ալեքսանդր Սպենդիարյանն աչքի էր ընկնում հղկվածությամբ, իմացությամբ և մտերիմների այնպիսի շրջանակով, որոնցով հպարտանում էին բոլորը: Երևանում նա իր առաջին քայլերն արեց՝ որպես հայ մեծ դասական, ստեղծեց «Երևանյան էտյուդները», որը պետք է կատարեր սիմֆոնիկ նվագախումբը: Այն նվագախմբի կատարմամբ ներկայացնելը մեծ իրադարձություն էր»,- պատմել է Տիգրան Մանսուրյանը և հավելել, որ պարբերաբար այցելում է Սպենդիարյանի շիրիմին:

Միջոցառման շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն ու երգչախումբը կոմպոզիտորի արձանի մոտ հետաքրքիր մեկնաբանությամբ կատարել են նրա ստեղծագործությունները:

12 Մայիս, 2021 12:30
149
; ;