Ստամբուլի ծանր հանցագործությունների 32-րդ դատարանը դատական հայց է ներկայացրել գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի դեմ՝  Հայոց ցեղասպանության և քրդական հարցի վերաբերյալ համացանցում արած հրապարակումների համար:  

Այդ կապակցությամբ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել:

Դատախազությունը Դենիզ Յուջելի նկատմամբ հետաքննություն սկսելու համար համապատասխան թույլտվություն է պահանջել արդարադատության նախարարությունից: 

Յուջելը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին հրապարակայնորեն նվաստացնելը: Լրագրողին 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի, գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից, 44-ամյա Դենիզ Յուջելը 1 տարի կալանավորված էր մնացել Թուրքիայում՝ առանց մեղադրական եզրակացության։ Նա ձերբակալվել էր 2017թ․ փետրվարի 14-ին, երբ ներկայացել էր Ստամբուլի անվտանգության վարչություն՝ այլ դատավարության շրջանակներում ցուցմունք տալու համար։ Յուջելը մեղադրվում էր իր հոդվածներով «հանրության մեջ ատելություն և թշնամանք տարածելու» և «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն» անելու մեջ։

2018 թ․ փետրվարին, մինչև վճռի հրապարակումը, թուրքական դատարանը Յուջելին ազատ արձակեց: Թուրքական դատախազությունը լրագրողի համար 18 տարի խիստ ռեժիմի ազատազրկում էր պահանջում։ Յուջելը վերադրաձավ Գերմանիա և այժմ նրան Թուրքիայում 2 տարվա ազատազրկում է սպառնում Հայոց ցեղասպանության մասին գրելու համար:

Աղբյուր ՝ Ermenihaber.am

13 Մայիս, 2021 14:58
160
; ;