Գազայի շրջանում պաղեստինցիները մարդասիրական օգնության կարիք ունեն, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ, ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում ներքին տեղահանվածների թիվը մոտ 38 հազար է, որոնցից առնվազն 2500-ի տները ռմբակոծությունների հետևանքով ամբողջությամբ ավերվել են։ 

Լրատվականը խոսել է տեղահանվածների հետ։ 30-ամյա Սուհեյր ալ Արբիդը նշել է, որ երկու շաբաթ առաջ է ծննդաբերել և հիմա չի կարողանում որդուն բավարար չափով կերակրել և նրա համար տակդիրներ է խնդրում մարդկանցից։ Նա նշել է, որ իր տունը դպրոցից շատ է հեռու, և քանի որ մեքենաներ չեն եղել, իրենք ստիպված են եղել քայլելով հասնել դպրոց։

Մեկ այլ տեղահանված հայտնել է, որ սա առաջին անգամը չէ, որ տեղահանվել է։ Նա պատմել է, որ 2014 թվականի Գազայի պատերազմի ժամանակ, որի ընթացքում մահացել է 2100 պաղեստինցի, այդ թվում՝ 1462 խաղաղ բնակիչ, նա 40 օր ապաստանել է դպրոցում։ Կինը նշել է, որ հարվածներից հետո չեն կարողացել տուն վերադառնալ՝ սնունդ և հագուստ վերցնելու։

Բռնությունների սրմանը զուգահեռ՝ սրվում է նաև հումանիար ճգնաժամը։ Հազարավոր պաղեստինցի ընտանիքներ լքել են իրենց տները և պատսպարվում են Գազայի հյուսիսային շրջանում ՄԱԿ-ի ներքո գտնվող դպրոցներում՝ իսրայելական հրետանային կրակներից խուսափելու համար:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ադնան աբու Հասանն ասել է, որ կազմակերպությունը սկսել է ապահովել տեղահանված ընտանիքների հիմնական կարիքների մի մասը, և հավելել, որ շտապ աջակցության կարիք ունեն՝ անդրադառնալով մայիսի 10-ին Իսրայելի կողմից սահմանային անցակետի փակմանը, որն օգտագործվում է մարդասիրական օգնություն անցկացնելու նպատակով:

«Մենք ուզում ենք, որ աշխարհն աջակցի մեզ։ Մենք աջակցում ենք պաղեստինցիներին Երուսաղեմում և այլուր։ Սակայն հիմա ինձ պարզապես վերմակներ են պետք երեխաներիս համար, որոնք անցյալ գիշեր ցրտից չէին կարողանում քնել»,- ասել է փախստականներից մեկը։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը՝ երեխա և 34-ը՝ կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

ArtsakhPress 

18 Մայիս, 2021 17:20
134
; ;