ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և IRD Engineering (Իտալիա) ընկերության միջև ստորագրվել է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց հիմնելու մասին հուշագիր։ 

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին նախաձեռնության համար, նշել է, որ ճանապարհաշինության ոլորտի զարգացման գործում անելիքներ շատ կան, և դրանք պետք է իրականանան բոլորիս փոքր ու մեծ գործերի շնորհիվ։ «Ճարտարագիտության ամառային դպրոցի հիմնումն այդ քայլերից մեկն է։ Մենք պետք է մտածենք նոր հնարավորությունների, նոր որակների, նոր տեսլականների և, ինչու չէ, ամբիցիոզ ծրագրերի մասին։ Ես մաղթում եմ, որ շինարարական ճարտարագիտության ամառային դպրոցի բոլոր ծրագրերն իրականություն դառնան, և վստահեցնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր լիազորությունների շրջանակում կաջակցի այդ բոլոր ձեռնարկումներին։ Մենք այժմ աշխատում ենք Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման մինչև 2040 թվականի ռազմավարության մշակման ուղղությամբ, որտեղ պետք է շեշտադրվեն բոլոր հիմնարար մոտեցումները, որպեսզի 2040 թվականին ճանապարհաշինության ոլորտի մեր մասնագիտական ռեսուրսը մեծ աճ գրանցի՝ տարածաշրջանում լինելով մրցակցային։ Մենք մշտապես ունենք նոր գիտելիքների կարիք, և փորձում ենք մեր կարողությունների շրջանակներում դրանք բարելավել։ Շնորհակալ ենք այս հարցում մեզ աջակցող բոլոր գործընկերներին։ Այս համատեքստում ողջունելի է IRD Engineering ընկերության՝ ամառային դպրոց հիմնելու նախաձեռնությունը»,- նշել է տիկին Ղալեչյանը՝ շնորհավորելով նաև IRD-ին Հայաստանում գործունեության 5-ամյակի առթիվ։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը կարևորել է ուսանողների տեսական գիտելիքների զուգորդումը կիրառական հմտություններով և կարողություններով։ Նա համոզմունք է հայտնել, որ ամառային դպրոցը գործուն ազդեցություն կունենա նորարար, կիրառական գիտելիքներն ուսանողներին փոխանցելու հարցում։ Պարոն Վարդանյանը շեշտել է նաև, որ արդեն իսկ կա նման փորձ. բուհի մի քանի ուսանողներ և շրջանավարտներ իրենց պրակտիկան են անցնում ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում. «Արձագանքները դրական են, ինչը նաև ոգևորում է համալսարանի ցածր կուրսերի ուսանողներին, որպեսզի վերջիններս բարձր առաջադիմություն ցուցաբերեն և կարողանան օգտվել նման հնարավորություններից»։ 

IRD Engineering ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն, շնորհակալություն հայտնելով կողմերին համագործակցության համար, նշել է, որ իրենց ընկերությունն Իտալիայում բազմաթիվ համալսարանների հետ է համագործակցում, բայց սա Իտալիայի սահմաններից դուրս համալսարանի հետ ստորագրվող առաջին հուշագիրն է։ Ըստ Ֆաբիո Բուոնոմոյի՝ ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդ հայ ինժեներներին շփվելու, փորձի փոխանակում իրականացնելու Իտալիայի համալսարանների մասնագետների հետ, օգտվելու նորագույն ուսումնական նյութերից, ծանոթանալու ճանապարհաշինության եվրոպական փորձին։ Ֆաբիո Բուոնոմոն ներկայացրել է նաև IRD Engineering-ի գործունեությունը տարբեր երկրներում, ինչպես նաև 5 տարիների ընթացքում Հայաստանում իրականացված աշխատանքները։  

IRD Engineering-ի հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Մեսրոպյանն էլ ընդգծել է, որ Հայաստանում իրականացվում են խոշորամասշտաբ ճանապարհաշինական ծրագրեր, որոնք կանոնակարգվում են միջազգային ուղեցույցներով, կանոնակարգերով ու նորմերով, և ամառային դպրոցի շրջանակներում արտասահմանյան կազմակերպության հետ համագործակցությունը թույլ կտա, որպեսզի երիտասարդները կարողանան փորձ ձեռք բերել՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ։

Ճարտարագիտության ամառային դպրոցը նախատեսված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների, շինարար-ինժեներների, հարակից ոլորտների երիտասարդ մասնագետների համար։

708