Առաջին հայացքից նախընտրական Հայաստանում քաղաքական դաշտը բևեռացել է երկու անձի՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում պայքարը ամենևին էլ նրանց միջեւ չէ, այլ` ապագայի ու միջնադարյան ավատատիրության, իրական ժողովրդաիշխանության ու կլանային կառավարման, որոնց մարմնավորումն են այս մարդիկ:

Միամտություն է կարծել, թե 2018-ին մերժված համակարգը հեշտությամբ կհեռանար ասպարեզից և չէր խանգարի պետության բնականոն զարգացմանը : Նույնքան միամտություն է կարծել, թե ժողովրդավարական մեթոդներով կարճ ժամանակում կարելի էր արմատախիլ անել տասնյակ տարիներով խորը արմատներ գցած ու մեծ ֆինանսական ռեսուրսներ հավաքած համակարգը։

Հատկանշական է , որ այս երկու բևեռները չեն կեղծում ոչ իրենց հրապարակային խոսքը և ոչ էլ գործողությունները: Ստեղծված իրավիճակում մի կողմը ժողովրդին է վերադարձնում իշխանություն ձևավորելու մանդատը, մյուս կողմը փորձեր է անում ամեն գնով վերցնել իշխանությունը՝ շրջանցելով ժողովրդի կամարտահայտությունը: 2021-ի հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին պետք է հաստատի իր հավատարմությունը 2018թ-ի ապրիլի հռչակած գաղափարներին: Այլընտրանքը Հայաստանի հետ շպրտումն է դեպի վաղ միջնադար, եթե ոչ տարրալուծումն ու կործանումը: Մնում է փաստել, որ իրականում ԱՊԱԳԱ ԿԱ և այդ ապագան գտնվում է ժողովրդի ձեռքում:

Արամ Սիմոնյան

2620