Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով: Ռումբի մասին տեղեկությունը չի հաստատվել։ Այդ դեպքից հետո մի շարք հայտնի ավիաընկերություններ դադարեցում են Բելառուսի օդային տարածքով թռիչքները։ 

Եվրամիության երկրների ղեկավարները երկուշաբթի գագաթնաժողովում կոչ են արել Եվրոպայում տեղակայված բոլոր ավիափոխադրողներին դադարեցնել դեպի Բելառուս եւ նրա օդային տարածքով թռիչքները: Բացի այդ, նրանք հանձնարարել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել եվրոպական օդային տարածքում բելառուսական ինքնաթիռների թռիչքներն արգելելու եւ միության օդանավակայանները օգտագործելու համար:

Սինգապուրյան Singapore Airlines ավիաընկերությունը, Մինսկում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո, վերանայում է Սինգապուրից Եվրոպա ուղեւորվող չվերթների երթուղիները, որպեսզի խուսափի Բելառուսի ավիատարածքից:

«Մեզ համար առաջնահերթ է մեր հաճախորդների եւ անձնակազմի անվտանգությունը: Հիմա մենք վերանայում ենք դեպի Եվրոպա ուղեւորվող չվերթների երթուղիները, որպեսզի խուսափենք Բելառուսի օդային տարածքից։ Մենք կշարունակենք ուշադիր հետեւել իրավիճակին»,- Singapore Airlines ավիաընկերության ներկայացուցչի խոսքը մեջբերում է CNA-ն:

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը դադարեցրել Է թռիչքները Բելառուսի օդային տարածքում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո, որը մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում: 

«Air France-ը ծանոթացել է Եվրոպական խորհրդի եզրակացություններին եւ մինչեւ հետագա ծանուցումը դադարեցնում է Բելառուսի օդային տարածքով իր ինքնաթիռների թռիչքները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավստրիական Austrian Airlines ավիաընկերությունը նույնպես որոշել է դադարեցնել Բելառուսի օդային տարածքով թռիչքները, հայտնում է ընկերության ներկայացուցիչը:

«Մինչեւ ԵՄ-ի գագաթնաժողովի որոշումը Lufthansa Group-ի մյուս ավիաընկերությունների հետ միասին որոշվել է, որ մենք մինչեւ հետագա կարգադրությունները կլքենք բելառուսական օդային տարածքը։ Այդ որոշումն ամրապնդվել է ԵՄ-ի որոշմամբ»,- ընկերության ներկայացուցչի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Մարիամ Գեւորգյան

720