Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը ավագանու նիստում ներկայացրեց Հրազդան գետի կիրճի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման 2022 թվականի առաջնայնությունները:

Նրա խոսքով՝ նշված տարածքներում առկա է 15 հա վնասակար բույսերով ծածկված տարածք, դրանք աճում են գոյություն ունեցող թափոնների վրա: Վնասակար բույսերը, ըստ Նազարյանի, գոլորշիացնում են՝ 1 բույսը՝ 300 լիտր ջուր, ինչի հետևանքով առաջանում է ջրի սակավություն: 

Բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, որ 2022-ի համար նախատեսված մասհանման գումարով՝ 112 մլն 860 հազար դրամով, նախատեսվում է Հրազդան գետի և Երևանյան լճի վրա աղբաորսիչ միջոցառումներ իրականացնել և ճաղավանդակ տեղադրել, հավաքել շուրջ 25 հազար թափոն և տեղափոխել աղբավայր: 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ ծրագիր Երևանյան լիճը դարձնել տեսարժան վայր, որտեղ մարդիկ կգան և կվայելեն լճի տեսարանը: Գևորգ Նազարյանն ասաց, որ հետագայում, այո՛, մշակվելու է Երևանյան լճի տարածքի բարեկարգման նախագիծ: 

Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը տեղեկացրեց, որ Հրազդան գետի կիրճի և Երևանյան լճի զարգացման ծրագիր են մշակում, արդեն կան առաջարկներ: Նախատեսում են այդ տարածքները նույնպես վերադարձնել երևանցուն: 

25 Մայիս, 2021 16:01
127
; ;