Վայոց ձորի մարզի Ելփին համայնքում բերրի հողերը շատ են, սակայն ոռոգման խնդիր կա: Սրանով պայմանավորված էլ դրանք քիչ են մշակվում, ինչն իր հետ բերում է բացասական տարբեր գործոններ, նաև արտագաղթ: ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե խնդրի լուծման ինչ տարբերակ կա:

«Այս տարի 2020 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ես այս ամբիոնից հնչեցրել եմ 1.5 տասնյակ ջրամբարների կառուցման մասին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում առաջիկա 10-15 տարում փոքր ջրամբարների կառուցման ուղղությամբ: Այստեղ նույնիսկ ցանկն եմ հնչեցրել, որից 4-ը վերաբերել է Վայոց ձորի մարզին: Այդ ցանկի մեջ է նաև Ելփինի ջրամբարը, ինչպես նաև Խնձորուտի, Խաչիկի Վերնաշենի ջրամբարները:

Այս ուղղությամբ առաջիկաում աշխատանքներ կտարվեն նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձևակերպման և 10-ից 15 տարում դրանց ամբողջական կառուցման, խնդիրը լուծելու ուղղությամբ»,-ասաց Պապիկյանը:

1239