Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի քաղաքապետարանն ու Հանրային հեռուստատընկերությունը հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը կվերածեն հեքիաթային վայրի։

Ժամը 16:00-ից Ա. Խաչատրյանի արձանի շրջակայքում կմեկնարկի մանկական գրքերի ցուցահանդես-վաճառքը: Հատուկ տաղավարներում «Անտարես», «Զանգակ» և «Արևիկ» հրատարակչությունները խաղերի և այլ ինտերակտիվ միջոցներով երեխաներին կներկայացնեն ցուցադրվող բազմազան ու գունեղ մանկական գրականությունը։ Այդ ընթացքում երեխաները կհանդիպեն գրքերից «փախուստի դիմած» հերոսների, կզրուցեն ու կխաղան նրանց հետ, կկերպարանափոխվեն, կնկարեն մոլբերտների վրա՝ ստանալով իրենց երազանքի պատկերը։ Ցուցահանդես-վաճառքը կտևի մինչ ուշ երեկո։

17:00-ից նույն տարածքում, դերասան-խաղավարների միջոցով, կկազմակերպվեն ազգային խաղեր, պաղպաղակի և քաղցրավենիքի անվճար հյուրասիրություն («Հեփիում» զվարճանքների կենտրոնի մասնակցությամբ)։

18։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասարհի տանիքից կհայտնվի անսպասելի անակնկալը, որը երեխաների օրը կվերածի իրական հեքիաթի («Ալեքս Ռիթեյլ Քամփնի» ընկերության աջակցությամբ)։

19:00-ին Ազատության հրապարակում (Օպերայի բակում) կմեկնարկի «Գտնված մեղեդի» խորագրով համերգը։ Կհնչեն Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցադրված արտասահմանյան և հայկական սիրված մուլտֆիլմերից երաժշտական համարներ։ Համերգի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներին կմիանան Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները (գեղ. ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Հաղորդավարը գունեղ և հետաքրքիր պատմություններով կներկայացնի կատարվող ստեղծագործությունները և կանդրադառնա օրվա խորհրդին: Երաժշտական ստեղծագործությունների կատարման ընթացքում բեմում տեղադրված մեծ էկրանին կցուցադրվեն մուլտֆիլմերից հատվածներ:

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Համերգի տևողությունը՝ մեկ ժամ:

Ազատության հրապարակում կներկայացվի, 65 տարիների ընթացքում Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված, լավագույն մանկական հաղորդաշարերի պատմությունը լուսանկարների միջոցով:

292