Սեպտեմբերի կեսից ՀՀ հանրակրթական հաստատություններում կմեկնարկեն դասերը: Վերջին շրջանում աշխատող ծնողներին հատկապես հուզող հարցերից մեկը մանկապարտեզների փակ լինելու հանգամանքն է:

Առաջացած խնդրի շուրջ AraratNews.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի հետ:

«Նախարարություն Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը ներկայացվել է դեռ մայիս ամսին: Փոփոխություններն ընդունվել են: Այդ լրացումներում և փոփոխություններում գործատուներին հորդորել ենք  հարգելի համարել մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող ծնողների աշխատավայրից մասնակի կամ մի քանի ժամվա բացակայությունները, եթե դա պայմանավորված է նման հաստատությունների փակ լինելու հանգամանքով: Եվ դա ամրագրված է Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունների մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց Սոնա Մարտիրոսյանը:

Միևնույն ժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակն ընդգծեց, որ մասնավոր սեկտորի դեպքում դա  գործատուի հայեցողությամբ է:

Երևանի քաղաքապետարանից էլ մեզ հաղորդեցին, որ, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա հնարավոր է, որ սեպտեմբերի 15-ից քաղաքապետարանի վերահսկողության ներքո գտնվող մանկապարտեզները բացվեն: Ախտահանման միջոցառումները պետք է պատշաճ կերպով ապահովվեն:

«Այդ ժամկետը նախնական է: Մենք փորձում ենք հնարավորինս ամեն բան անել, որպեսզի սահմանված ժամկետին մոտ կարողանանք վերաբացել մանկապարտեզները, բայց դա դեռևս բարի ցանկություն է»,-AraratNews.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը:

13441