
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը մոտ ապագայում կվերսկսի աշխատանքը:
Այս մասին նա նշել է ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԼՂ հարցին:
Զախարովան, մասնավորապես, ասել է. «Մենք ակնկալում ենք, որ, երեք երկրների ղեկավարների միջև պայմանավորվածության համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակում կվերսկսի գործունեությունը»:
Միևնույն ժամանակ՝ նա նշել է. «Հայ–ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցող միջադեպերը, իհարկե, չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը»։
Զախարովան նաև հավելել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը առաջնային խնդիր է, որի իրականացման հարցում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը։
Նա կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և թուլացնել լարվածությունը, ինչպես նաև հակասությունները լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։