Հունիսի 20-ը ճակատագրական օր է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև ողջ հայ ժողովրդի համար: Եվրոպայի հայերի համագումարը հորդորում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին միահամուռ մասնակցել և վերջնականապես «ոչ» ասել նախկին ռեժիմի քոչարյանա-սերժական ողջ կլանին և նրանց սպասարկող հակազգային և հակապետական ուժերին: Այս մասին ասվում է Եվրոպայի հայերի համագումարի հայտարարության մեջ:

«Ոչ մի ձայն բոլոր այն ուժերին, որոնք ժողովրդին ստրկության աստիճանի հասցնելու և երկիրը թալանելու գնով դիզել են հսկայական հարստություն, և այսօր կոկորդիլոսի արցունքով ժողովրդի ազգային մաքուր զգացումները չարաշահելով աշխատում են նորից վերահաստատել թալանի, կոռուպցիայի և անարդարությունների համակարգը:

Թշնամին ժամանակը հարմար գտնելով մեզ պարտադրեց անհավասար մի պատերազմ, և մենք չկարողացանք հաղթահարել 100-միլիոնանոց թիկունք ունեցող թուրք-ադրբեջանա-ջիհադիստական ոհմակին:

Թեպետ ողջ հայությունը մեկ մարդու պես ոտքի կանգնեց և մեր քաջարի հերոս 18-20 տարեկան զինվորները և սպաները ցուցաբերեցին աներևակայելի հերոսություն, սակայն «հայրենիքի փրկիչ» կոչվածները իրականության մեջ կատարեցին հինգերորդ շարասյան անարգ պարտականությունը և ազգի ու բանակի կողքին կանգնելու փոխարեն, ներսից ջլատելով մեր միասնությունն ու բանակը, գեներալներին հորդորեցին սահմանը բաց թողնել և զենքերը ուղղել դեպի Երևան:

Դրան իհարկե նպաստեց անկազմակերպվածությունը, թերացումները, պետական ապարատի և բանակի մեջ համատարած սաբոտաժը: Պատերազմում պարտության կծիկը այստեղից բացվեց և, ցավոք, դեռ շարունակվում է:

Եվ այսօր՝ 9 ամիս անց, արտահերթ ընտրությունների այս շեմին, արտաքին թշնամու դեմ միասնական ճակատ կազմելու փոխարեն, հակահեղափոխական այս նույն ուժերը նախագահ կոչվածների գլխավորությամբ, մեր սահմանները պաշտպանելու ուղղությամբ ոչ միայն մատը մատին չեն խփում, այլև արտաքին թշնամու հետ միևնույն ճակատում ձգտում են ամեն գնով հասնելու իշխանության:

Այս ուժերը անցյալում ցույց են տվել, որ ընդունակ են ամեն տեսակ հակապետական հակազգային գործողությունների, և հաստատ գիտենալով, որ օրինական ճանապարհով չեն կարող իշխանության հասնել, այժմ էլ ձգտում են ընտրությունները կեղծելու, մարդկանց կաշառելու, վախի մթնոլորտ ստեղծելու և հարմար ժամին նորից դաշնակցական և այլ մաֆիական-խուլիգանական ուժերի միջոցով վերսկսել այն, ինչ չկարողացան անել այս 9 ամիսների ընթացքում:

Առանց իմանալու դավաճանության իմաստն ու բնույթը՝ առավոտից երեկո դավաճան են գոռում՝ չհասկանալով, որ իրենց ասածը իրենց է վերադառնում:

Այս պարագային ժողովրդին մնում է հսկայական մեծամասնությամբ վերջին անգամ մերժել ազգայինի անվան տակ թաքնված, բայց իրականում մեր պարտության հիմքերը դրած բոլոր հակազգային հակաժողովրդական փրկիչներին, և ազատ ընտրությամբ պաշտպանել իրենց իսկ իշխանությունը և կանգնել հեղափոխության և հեղափոխությանը աջակցող ուժերի կողքին:

Իշխանություններին հորդորում ենք զգույշ և աչալուրջ լինել հակաժողովրդական այս ուժի ամեն տեսակի սպասվող անակնկալներին, բայց և հուսով ենք՝ ընտրությունները կընթանան խաղաղ և համերաշխ մթնոլորտում, կհաղթի ազատությունը, ժողովրդավարությունը և արդարությունը: Մի կողմ կդրվեն ներքին բոլոր անհամաձայնությունները, և բոլորս միասին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, գործի դնելով մեր անսահման ներուժը, կլծվենք հայրենիքի և հայ ժողովրդի վերածննդյան վեհ գործին:

Եվրոպայի հայերի համագումարը հավատացած է, որ ընտրությունների արդյունքում ձևավորվող օրինական իշխանությունները կվերացնեն անցյալի թերություններն ու բացթողումները, անհապաղ կլծվեն բանակի վերակառուցման գործին, կապահովեն երկրի անվտանգությունը, հիմնովին կվերափոխեն և արդար ու ժողովրդական հիմքերի վրա կդնեն հներին թև ու թիկունք հանդիսացող իրավական համակարգը, որն անկայունությունների, անպատժելիության մթնոլորտի և անարդարությունների ամենամեծ երաշխիքն է հանդիսացել:

Հուսով ենք և վստահ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կամրապնդվեն, և եթե հարկ լինի, նաև սփյուռքի ստվար զանգվածի ցանկությանը ընդառաջելով՝ իհարկե, նոր ձևաչափով և բովանդակությամբ, կվերահաստատվի Սփյուռքի նախարարությունը:

Մեր հայրենակիցներին, ովքեր ունեն ձայնի իրավունք, հորդորում ենք այս ընտրությունները դիտարկել որպես հեղափոխության շարունակություն, մասնակցել ընտրություններին և ձայն տալ իսկական անշահախնդիր ազգային ժողովրդական և հեղափոխությանը հավատարիմ ուժերին»,- ասված է հայտարարության մեջ:

1656