Դատախազությունը քաղաքական գործընթացների հանդեպ բացարձակ չեզոքությամբ պատշաճ հետևողականություն է դրսևորել դրանցից յուրաքանչյուրով իրականացվող ընթացակարգերի օրինականության ապահովման հարցում՝ պարբերաբար հանրայնացնելով արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոչ-հայտարարությամբ հանդես է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ աղբյուրի՝ վերջին օրերին ընտրություններին մասնակցող քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ ՀՀ դատախազությանը, ի թիվս այլ իրավապահ մարմինների, անհիմն կերպով մեղադրում են ընտրությունների համատեքստում կողմնակալության, և այդ դիրքերից քաղաքական իշխանության օգտին «պատժիչ» գործողություններ կատարելու մեջ:

«Նման մտացածին մեղադրանքները որևէ փաստական հենք չունեն և չեն կարող ունենալ: ՀՀ դատախազությունը, ի սկզբանե հայտարարելով օրենքով սահմանված՝ քաղաքական զսպվածության սկզբունքով առաջնորդվելու և իր գործառույթի շրջանակներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հավասարության դիրքերից մոտենալու մասին, շարունակում է պահպանել այդ հավատամքը և գործել բացառապես ընտրությունների օրինականությունը, մասնակից ուժերի հավասար մրցակցայնությունը, քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու նպատակամղվածությամբ:

Ինչպես նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ, այնպես էլ դրա ողջ ընթացքում չի եղել հրապարակայնորեն ներկայացված և ՀՀ դատախազությունը հասու դարձած՝ առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող հանցավոր դրսևորման մասին որևէ հաղորդում, ահազանգ անկախ նրանից, թե ընտրություններին մասնակցող որ քաղաքական միավորի կամ նրանց համակիրների գործողությունների հետ է կապված, որոնցով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում չի ապահովվել պատշաճ իրավական ընթացակարգ՝ դրանք ստուգման կամ քրեադատավարական կարգով քննության առարկա դարձնելու միջոցով: Դատախազությունը քաղաքական գործընթացների հանդեպ բացարձակ չեզոքությամբ պատշաճ հետևողականություն է դրսևորել դրանցից յուրաքանչյուրով իրականացվող ընթացակարգերի օրինականության ապահովման հարցում՝ պարբերաբար հանրայնացնելով արդյունքները:

Ցանկացած ոք ցանկությամբ դեպքում հեշտությամբ կարող է դրանում համոզվել՝ այն պարզ պատճառով, որ բոլորն արձանագրված է»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ի սկզբանե և շարունակաբար դատախազության կողմից ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին, այդ թվում՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին ուղղվել են հրապարակային կոչեր՝ իրենց տրամադրության տակ հայտնվող՝ որոշակիություն և կոնկրետություն պարունակող առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ տվյալները, տեղեկությունները, այդ թվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին, օպերատիվ կերպով ՀՀ դատախազությանը փոխանցելու վերաբերյալ: Այդ նպատակով նաև թեժ գիծ է գործարկվել դատախազությունում, որն այս ողջ ընթացքում գործել է անխափան և անխափան գործելու է նաև քվեարկության ողջ օրվա ընթացքում:

ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորել է զերծ մնալ առանց որևէ փաստական հիմքի, հանիրավի կերպով դատախազության գործունեությանն արհեստականորեն քաղաքական երանգավորում տալու, այդ կերպ դատախազության գործառույթների իրականացման իրավաչափության հանդեպ կասկածներ հարուցելու, կեղծիքի վրա հիմնված հանրային տրամադրություններ գերենացնելու փորձերից:

Կառույցի տեղեկացմամբ՝ դրանք որևէ ազդեցություն չեն ունենում և չեն ունենալու դատախազության վրա: «Ելնելով վերոնշյալից՝ այս պահին էլ, նկատի ունենալով, որ առջևում քվեարկության, քվեների հաշվարկի՝ ընտրական գործընթացի կարևորագույն փուլերն են, կրկին վստահեցնում ենք, որ ՀՀ դատախազությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար բաց է իր իրավասությունների շրջանակներում համագործակցության՝ հանուն օրինական, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների, հանուն մեր երկրում իրավակարգի և սահմանադրական կարգի ապահովման»,- հորդորում է ՀՀ գլխավոր դատախազությունը:    

1536