
«Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ն անվանափոխվեց «Երևանի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան ավիամոդելավորման դպրոց» ՀՈԱԿ-ի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ։
«Ավիամոդելավորումը և՛ որպես մարզաձև և՛ որպես առանձնահատուկ ոլորտ պետության, համայնքի համար, անհրաժեշտություն ունի զարգացման և տարածման ինչպես մանուկների ու պատանիների, այնպես էլ՝ երիտասարդների ու ավագ սերնդի շրջանում: Ավիամոդելավորման՝ նաև որպես մարզաձևի, տեսակների զարգացման, կազմակերպման անհրաժեշտության նպատակով հիմնադրվում է համայնքային մասնագիտացված կազմակերպություն»,- նշեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:
Դպրոցի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել նաև անօդաչու թռչող սարքերի և ռոբոտաշինության լաբորատորիա։
Երևանի ավիամոդելավորման դպրոցի նպատակն է մշակել ավիամոդելավորման տեսակների ուսումնամարզական ծրագրեր, մասսայականացնել դրանք և զարգացնել, սերտ համագործակցություն հաստատել ավիամոդելավորման տեսակների մարզական կազմակերպությունների և ակումբների հետ, երևանցի մարզիկներին նախապատրաստել միջազգային մրցաշարերին, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ առաջնություններին մասնակցելու համար։ Դպրոցում նաև ստեղծվելու են անօդաչու թռչող սարքեր, մշակվելու են ռոբոտաշինության ուսումնական ծրագրեր։
Դպրոցը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածի, Նոր Ջուղայի փողոց, 1 հասցեում։
Որոշումն ընդունվեց 34 «կողմ», 1 «դեմ» և 0 «ձեռնպահ» ձայներով։