
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ:
Պարզվել է՝ այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում Արմեն Հովհաննիսյանը քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ գնացել են Գոռավան գյուղի գերեզմանատուն, որտեղ 2 կամ ավելի անձանց ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իրենց մոտ գտնվող հրազեններով՝ ինքնաձիգով, գնդացրով և ատրճանակով կրակոցներ են արձակել Գոռավան գյուղի բնակիչներ, եղբայրներ Գոռ և Գևորգ Պետրոսյանների, Արարատ քաղաքի բնակիչ Ռուբեն Ավետիսյանի, Վեդի քաղաքի բնակիչ Կարեն Սաֆարյանի և նրաց հետ գտնված դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել ոչ ոքի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռ. Ավետիսյանի կողմից որսորդական հրացանով արձակած պատասխան կրակոցների հետևանքով Ա. Հովհաննիսյանը մահացել է, ինչից հետո փոխհրաձգության մասնակիցները դիմել են փախուստի:
Երեկ քննիչը դիմել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան և հարուցված քրեական գործի շրջանակում միջնորդություն է խնդրել դատարանից, որպեսզի խուզարկություն կատարվի կասկածյալներից Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Կարեն Պ.-ի բնակարանում:
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և երբ քննիչներն ու ոստիկանները ժամանել են նրա բնակարան, նա ներկայացրել է «Բայկալ» տիպի 1 փողանի ողորկափող որսորդական հրացան, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են զենքի օրինականության աղբյուրը և եթե օրինական է, ապա ում անունով է այն հաշվառված:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։