SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 14-ին,  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ձեռնարկված օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործղությունների շնորհիվ պարզել են հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմանատանը՝  «օրենքով գող» Մարսոյի  գերեզմանի դիմաց տեղի ունեցած  սպանության գործի շրջանակում ոմն Ռուբոյի ինքնությունը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, Արարատի մարզի բնակիչը 33-ամյա Ռուբեն Ա.-ն է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նրա գտնվելու վայրը, ապա ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում Ռուբեն Ա.-ն երեկ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ  նրան տեղափոխել են  Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Ռուբեն Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության  գործիք հրացանը հայտնաբերելու  ուղղությամբ:  Ըստ նախնական տեղեկությունների՝՝ Ա. Հովհաննիսյանը սպանվել է Ռուբեն Ա.-ի կրակոցից և զենքը հայտնաբերվելուց հետո քննիչի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննությամբ կպարզվի՝ ճիշտ են այդ տեղեկությունները, թե ոչ:

 Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմաններում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների ու «ռազբորկայի» վերաբերյալ նոր մանրամասներ էին պարզել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

1563