
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին։ Նա ընդամենը 50 տարեկան էր եւ պատրաստվում էր իր մեծ համերգին` Լոնդոնում: Նրա մահվան լուրը ցնցեց ողջ աշխարհը։
Ջեքսոնի կյանքը հանկարծակի ընդհատվեց: Հետաքննությունը պարզել է, որ Ջեքսոնը մահացել է ուժեղ անզգայացնող դեղամիջոցի չափազանց մեծ չափաբաժնից, որը ներարկել էր նրա անձնական բժիշկը: Ջեքսոնի բժշկին՝ Կոնրադ Մյուրեյին հետագայում մեղադրել են մասնագիտական անփութության մեջ։ 2011 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսի դատարանում ժյուրին նրան մեղավոր ճանաչեց չկանխամտածված սպանության մեջ, ինչի համար նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:
Մայքլ Ջեքսոնի շնորհիվ աշխարհում հայտնվեցին սյուժետային երաժշտական տեսահոլովակներ։ Նրա յուրաքանչյուր հոլովակը, ըստ էության, փոքրիկ ֆիլմ էր` լցված իմաստով եւ գաղափարով։ Thriller երգի տեսահոլովակը` համանուն ալբոմից, թողարկվել է 1983 թվականին եւ համարվում է պատմության ամենահայտնի եւ սիրված տեսահոլովակներից մեկը: Լանդիսի աշխատանքն արժանացել է մի քանի հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Գրեմմիի: MTV- ն տեսանյութը ցուցակագրել է որպես բոլոր ժամանակների 100 մեծագույն երաժշտական տեսահոլովակներից մեկը:
Ջեքսոնի մասին մինչ օրս պտտվում են բազմաթիվ բամբասանքներ։ Շատերը չէին հասկանում, թե ինչու է նրա մաշկի գույնը փոխվում եւ ասում էին, թե իբր, նա փոխել է իր մաշկի գույնը, քանի որ ամաչել է դրանից։ Սակայն քչերը գիտեն, որ իրականում նա ուներ վիտիլիգոյի հիվանդություն, որի դեպքում մաշկի պիգմենտացիան փոխվում է։ Ավաղ, մինչ օրս այս հիվանդության բուժման համար գիտնականները դեղեր չեն հայտնաբերել։
Իր հայտնի «լուսնային քայլվածքը» Ջեքսոնն առաջին անգամ ցուցադրել է 1983 թվականի մայիսին։ Եվ չնայած, Ջեքսոնը երբեք չի թաքցրել, որ չի հորինել այդ քայլվածքը, «լուսնային քայլվածքը» դարձավ Մայքլ Ջեքսոնի այցեքարտը։
Մայքլ Ջեքսոնն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենահաջողակ արտիստ։ Ջեքսոնի «Thriller» ալբոմը նույնպես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես երաժշտության պատմության մեջ ամենավաճառվող ալբոմ։
Չնայած բոլոր սկանդալներին, որոնք ուղեկցում էին լեգենդար Ջեքսոնին եւ կենդանության օրոք, եւ մահից հետո, միլիոնավոր երկրպագուների համար նա ընդմիշտ կմնա փոփ երաժշտության արքա՝ ամենաճանաչված եւ տաղանդավոր կատարողներից մեկը:
Մինչեւ այսօր Ջեքսոնը ճանաչված է ամբողջ աշխարհում. նրա լեգենդար «լուսնային քայլվածքը» փորձում են կրկնել մեծերը եւ մանուկները։
Մարիամ Գեւորգյան