Հունիսի 30-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ օրինագծի վերաբերյալ եղել է երկու առաջարկ, որն ընդունվել է:
Կառավարության հեղինակած ««ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշեց, որ պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել:
Հաջորդիվ խորհրդարանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանն իր ելույթում հիմնական զեկուցողներին առաջարկեց օրինագիծը ներկայացնելիս նշել նաեւ դրա հրատապության պատճառների մասին:
ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ:
Հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ օրինագծի վերաբերյալ Կառավարության կողմից եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են:
Ներկայացված օրենքների նախագծերը քննարկվել են նաեւ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում եւ ստացել դրական եզրակացություն: