ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին:

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից իրականացվող «Ներգրավված քաղաքացի» համալսարանական ծրագրի արդյունավետությունը բուհերում և այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ու հանրակրթական դպրոցներում ընդգրկելու հարցերը: «Ներգրավված քաղաքացի» պիլոտային ծրագիրը մեկնարկել է ՀՀ 5 համալսարանների (Երևանի, Շիրակի, Վանաձորի պետական համալսարաններ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Վ. Բրյուսովի ավան պետական համալսարան) հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:

Ներկայումս նշյալ ծրագիրն իրականացվում է Հայաստանի 2 բուհում, իսկ 2021 թ. սեպտեմբերից՝ նաև մյուս 3 բուհերում:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպման համար. «ՀՀ իրավագիտակից քաղաքացի ձևավորելը Հայաստանի Հանրապետության մարտահրավերներից մեկն է, և այս համատեքստում  «Ներգրավված քաղաքացի» համալսարանական ծրագիրը կարևոր բաղադրիչ է»:

Փոխնախարարն անդրադարձել է կրթության ոլորտում ներկայում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին՝ մասնավորապես ընդգծելով, որ առաջնահերթություն է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև հմտությունների, արժեքների ու դիրքորոշումների ձևավորումը: Արթուր Մարտիրոսյանն այդ առումով կարևորել է քաղաքացիական կրթության դերը քաղաքացու ձևավորման գործում: Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ այս մոտեցումն է որդեգրված ներկայում ներդրվող հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հիմքում, և այն պետք է արտացոլված լինի առհասարակ կրթության, այդ թվում՝ ոչ ֆորմալ կրթության մեջ:

Ա. Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ քաղաքացիական կրթությունը շեշտադրված է ՀՀ կառավարությանը ներկայացված ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության մեջ: Նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» կազմակերպության հետ քաղաքացիական կրթությունը նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ներդնելու գործընթացում՝ մասնավորապես «Ներգրավված քաղաքացի» ձեռնարկի մշակման, ուսուցանողների վերապատրաստման համատեքստում:

«ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ևս շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ «ԱՅ ԷՖ Ի ԵՍ»-ը ցանկանում է նպաստել Հայաստանում քաղաքացիական կրթության զարգացմանը. «Ակնկալում ենք, որ ձեռնարկն էլ ավելի տարածում կստանա համալսարանական կրթության  մեջ: Հիմնվելով ձեռքբերումների և մշակված նյութերի որակի վրա՝ մեր ցանկությունն է ընդլայնել ծրագիրը նաև միջին մասնագիտական և հանրակրթական դպրոցներում»:

Նշենք, որ դասընթացներն անցկացվում են ոչ միայն դասախոսությամբ, այլև ինտերակտիվ մեթոդաբանությամբ բոլոր ուսանողների համար՝ առանց մասնագիտական տարանջատման: Մշակված ձեռնարկները նախատեսված են ուսանողների և դասախոսների համար և հարմարեցված են հայաստանյան կրթական միջավայրին:

295