Անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են բնակարանի դուռը, գումար, ոսկյա և արծաթյա զարդեր հափշտակել։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի բնակարանը թալանել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 40-ամյա Արսեն Նիկողոսյանը երեկ՝ հուլիսի 12-ին, դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ հուլիսի 10-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա արել, ապա այնտեղից հափշտակել գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։
Նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու, ինչպես նաև պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ։