armtimes.com-ը գրում է․

Իրաքի հարավում գտնվող Նասիրիա քաղաքի՝ Իմամ Հուսեյինի անունը կրող Ալ-Հուսեյին կլինիկայում հուլիսի 13-ի գիշերային հրդեհի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 93-ի:

Այս մասին հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Տարբեր աստիճանի այրվածքներ ու վիրավորումներ է ստացել ավելի քան հարյուր մարդ: 21 ածխացած դիերի ինքնությունը դեռ պարզված չէ, նրանք անճանաչելի են: Որոշ տուժածների վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Դժբախտ դեպքից ժամեր անց, հենց երեքշաբթի  էլ Նասիրիայում տեղի ունեցան զոհերի առաջին հուղարկավորությունները, այդ թվում՝ նույն ընտանիքի վեց անդամներ են հուղարկավորվել:

Հրդեհը բռնկվել է ընդամենը երեք ամիս առաջ կառուցված, կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված, 70 մահճակալային բաժանմունքում: Պատճառը հստակորեն հաստատված չէ, բայց, տարբեր լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ամենայն հավանականությամբ, թթվածնի բալոնի պայթյունն է հանգեցրել հրդեհի:

«Լսեցի ուժգին պայթյուն և անմիջապես հետո հրդեհ սկսվեց», - Reuters- ին ասել է հիվանդանոցի պահակներից մեկը:

Իրաքի վարչապետ Մուստաֆա Կադիմին հրամայել է ձերբակալել կլինիկայի գլխավոր բժշկին՝ նրան կատարվածի առաջին մեղավոր ու պատասխանատու անվանելով:

Հիշեցնենք, այս տարվա ապրիլին էլ Իրաքի Բաղդադ քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 82 մարդ էր զոհվել, 110-ը վիրավորվել էին: Այս պատահարը նույնպես պայմանավորված էր թթվածնի բալոնի պայթյունով: Դրանից հետո պատահարը հանգեցրեց առողջապահության նախարար Հասան Թամիմիի պաշտոնանկությանը:

 Իրաքի առողջապահական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի, հիվանդանոցները խնդիրների առաջ են կանգնում  թերֆինանսավորման պատճառով, դրան գումարվել են  նաև կոռուպցիան և պատերազմի հետևանքները, բայց  իրավիճակն հատկապես սրվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Երկրի առողջապահական համակարգը չի հասցնում  բավարարել քաղաքացիների պահանջներն ու անհրաժեշտ սպասարկում կամ բուժօգնություն իրականացնել:

«Հրդեհը կարևորեց իրաքցիների կյանքը չպաշտպանելու ձախողումը: Ժամանակն է վերջ տալ այս աղետալի իրավիճակին ու հասկանալ, որ առողջապահական առումով իսկապես ձախողել ենք», - հայտարարել է Իրաքի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Հալբուզին:

Զոհվածների հարազատներն առավոտյան հավաքվել էին քաղաքի մզկիթի մոտ, իսկ այնտեղից գնացել էին դիահերձարան, որտեղ ինքնաբուխ բողոք էին կազմակերպել, արդյունքում ՝ անկարգություններ էին տեղի ունեցել: Նրանք մեղադրում էին իշխանություններին կատարվածի մեջ, պահանջում անհապաղ իրենց հանձնել զոհվածների մարմինները, ինչպես նաև ցասման հետևանքով ոստիկանական երկու մեքենաներ են հրդեհել:

Դիերը հարազատներն այսքան արագ տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանցից շատերը անճանաչելիության աստիճան մոխրացած են:

«Մեզ հրդեհում են  քաղաքական կուսակցությունների անտարբերությունները», - միաբերան բացականչում էին բողոքի ցույցի մասնակիցները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

1367