Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն), ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվել է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնում: Ցուցադրությունը տեղի է ունեցել «Օլիմպիա 3» կինոթատրոնում, որին ներկա են եղել ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը։

Ֆիլմը ցուցադրվել է որպես 2020 թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features («Առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ») անվանակարգում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված հայկական ֆիլմ, քանի որ նախորդ տարի COVID-19 համավարակով պայմանավորված՝ ցուցադրությունը տեղի չէր ունեցել։

Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։

Ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան, սցենարիստներ՝ Նորա Մարտիրոսյան, Էմմանուել Պագանո, օպերատոր՝ Սիմոն Ռոկա, պրոդյուսերներ՝ Ջուլի Փարատյան, Անի Որսկանյան, Անաբել Նեզրի, ընկերություններ՝ Sister Productions, Aneva producition, Kwassa Films։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, ով ժամանում է Արցախի Հանրապետության նոր կառուցված օդանավակայան: Անկախություն հռչակած երկիրը փորձում է ոտքի կանգնել պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այդ օդանավակայանը համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին:

Օդանավակայանի աշխատակիցների հետ զրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց իրականում գոյություն ունի իր բնակիչներով, կառավարությամբ, համակարգերով և մշակութային դաշտով:

 

Աղբյուր՝ 1lurer.am

1907