Պատերազմը մեզանից խլեց լավագույններին: ՈՒ հենց այդ լավագույններն են այսօր վերևից հսկում մեր անդորրը: Ու մենք պիտի ապրենք մեզ ժառանգած խաղաղությունը պահպանելով, որպեսզի արժանի լինենք տղերքին:

Սամվելը հայրենի Գինեվետից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրելով հանդերձ չի կտրվել արմատից, չի մոռացել Հայրենիքը, քանզի հայրենասիրությունը նրա արյան մեջ էր: Սամվելի մայրը` տիկին Հասմիկը դժվարությամբ է խոսում որդու մասին: Նրա մասին անցյալ ժամանակով պատմելը մեծ ցավ է պատճառում հերոսի մորը: Տիկին Հասմիկը փորձում է բառեր գտնել, որպեսզի նկարագրի, պատմի իր հերոս զինվորի մասին:

«Մի տեսակ դատարկություն է ներսումս, բայց միևնույն ժամանակ հպարտ եմ, որ ունեմ Սամիս տեսակը։ Սամս տարբերվում է բոլորից, ամեն ինչ կաներ, որպեսզի ինձ ուրախ տեսներ: Սամս իմ համար եղել է ընկեր, հետո որդի։ Օտարության մեջ ոչ մեկի կարոտը չեմ զգացել, որովհետև որդիս լրացնում էր բոլորի տեղը, որտեղ Սամն էր այնտեղ խաղաղություն էր»,-կիսաթաց աչքերով պատմում է հերոսի մայրը, ապա շարունակում. «Երբ լրացավ  տղայիս 18 տարին, որոշոց, որ պիտի վերադառնա Հայրենիք և բանակ զորակոչվի: Որոշեց ու այդպես էլ արեց: ԱՀ Մատաղիսի զորամասում էր ծառայում: Սամվելը շախմատիստ էր, հասցրել էր հաջողությունների հասնել, անգամ ՌԴ Սպորտի նախարարության կոողմից արժանացել էր սպորտի վարպետի կոչմանն էր արժանացել»։

Էլ ով, եթե ոչ շախմատիստը, կարող էր լավ իմանալ ինչ է պատերազմը։ Ավաղ պատերազմն այս անգամ շախմատային խաղատախտակին չէր, իսկ խաղաքարերին ուղղորդողն` ինքն էր հայտնվել զինվորի դերում, որի անունը  փառքով պսակեց:

«Սամվելս կռվել է պատերազմի առաջին օրվանից։ Զինակից ընկերները պատմում էին, որ որդինս փորձել է ամեն հնարավոր բան անել, որպեսզի օգտակար լինի: Բայց ցավոք Սամս հոկտեմբերի 7-ին ընկավ թշնամու ԱԹՍ֊ի հարվածից»:

Ծառայակից ընկերներից Արան Սամվելին հիշելիս ժպտում է: Նրան էլ բնութագրելիս ասում` լավ մարդ էր` մարդ, ով պատրաստ էր կյանքը տալ հանուն ընկերների: 

 Մարիամը եղբոր մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները` կարոտը խեղդում է, ցավը սեղմվել է կոկորդում. «Ես չէի պատկերացնում,որ մենք այսքան արագ կմեծանանք, չէի պատկերացնում,որ նկարները,որոնց ծիծաղով էինք նայում ինձ արցունքներ կտան:  Փոշմանում եմ, որ եղբորս ավելի շատ չեմ գրկել: Սամվելն աշխարհի ամենալավ եղբայրն էր, իմ ապավենը: Հավաստ չի գալիս...»:

Անքննելի են Աստծո գործերը: Սամվել Գևորգյանի զոհվելուց հետո հերոսի քույրը որդի ունեցավ, որին անվանակոչել են հերոս քեռու` Սանվելի անունով: Փոքրիկ Սամվելը ապրելու նոր հույս և այս անասելի ցավը հաղթահարելու մեծ ուժ տվեց Գևորգյաններին ու հատկապես տիկին Հասմիկ:

Արամ Սիմոնյան

 

2370