Այսօր Գյումրու Բագրատունյաց 8-րդ շենքի 31 բնակարանում հայտնաբերված կնոջ և երեխայի դիերը եղել են նեխած: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ներկա պահին քրեական գործ չի հարուցվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սպասում են պատասխանին:

«Արտաքին զննությամբ, համենայնդեպս փորձագետը դեպքի վայրում չհայտարարեց մի այնպիսի ենթադրյալ վնասվածքի առկայության մասին, որը հիմք կտար մեզ ասելու, որ արտաքնապես վնասվածք ուներ, հաշվի առնելով նաև դիերի վիճակը: Նեխած էին, երեխան ավելի շատ: Չի բացառվում նաև, որ ելնելով դիերի նեխային աստիճանից, հիստալոգիայի կարիք նաև լինի (հյուսվածքաբանական քննություն)»,-տեղեկացրեց Խաչատրյանը:

Մահացած հայտնաբերված կինը հաշվառված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նրա կողքին դեղահաբեր են հայտնաբերվել: Ըստ պատասխանատուի, հայտնաբերված ամենափոքր մանրուքն անգամ կդարձվի քննության առարկա:

«Այն ինչ հայտնաբերվել է, ինչ կա, ամենամանր թղթի կտորից վերջացրած  դեղահաբերով: Արձանագրվել է քննիչի կողմից, ամբողջը վերցվել է, այդ բոլորը կդարձվի քննության առարկա, թե ինչու  է այդտեղ հայտնվել, ինչ պատճառով, ինչ պայմաններում»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:

Այս պահին 4 վարկած կա, որոնց ուղղությամբ իրավապահները մանրակրկիտ քննություն են  տանում: Ըստ Խաչատրյանի, կինը նախկինում երեխայի և ամուսնու հետ վարձակալված այլ բնակարանում է ապրել:  Վերջին 4 օրերին էր տղայի հետ տեղափոխվել Բագրատունյաց 8 շենք և այսօր ըստ բնակարանատիրոջ հետ ունեցած պայմանավորվածության, պետք է դուրս գար այնտեղից:

Նշենք, որ հիշյալ բնակարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել: Այլ խնդիրներ՝ ևս:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում. Բագրատունյաց 8-րդ շենքի 31 բնակարանում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել են 35 տարեկան մոր եւ նրա 10-ամյա որդու դիերը:

armtimes.com

662