
Իջևանում հուշ-ցերեկույթ էր` նվիրված փոխգնդապետ Արմեն Օհանյանի 50- ամյակին: Հավաքվել էին նրա ընկերները, ծառայակիցները, ընտանիքի անդամները, ծանոթ ու անծանոթ մարդիկ:
Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին նրա շիրիմին: Հպարտության բարձր զգացումով ևս մեկ անգամ հիշեցին նրա անցած ուղին,սխրանքն ու հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումը:
Ազատամարտիկ Արմեն Օհանյանը ընտրեց զինվորականի ուղին և 24 տարի անմնացորդ ծառայեց հայրենիքին՝ արժանանալով բազմաթիվ գերատեսչական մեդալների և պատվոգրերի: Հրամանատարը ուղնուծուծով էր կապված դիրքերի ու իր զինվորների հետ։ Ընտանիքի անդամների ու ծառայակիցների վկայությամբ առանց դիրքեր այցելելու և սեփական աչքով ամեն ինչ տեսնելու նույնիսկ ընտանելան միջոցառման չէր ներկայանա։ Պատահական չէր հրամանատարի հայտնի խոսքն այն մասին, որ հայրենիքը սկսվում է սահմանից։
Մասնակցելով 44 օրյա պատերազմին` մարտի օրը, երբ հակառակորդը փորձել է ձախ թևանցում կատարել, գնդի հրամանատարը անձնակազմին նահանջի հրաման է տվել` հնարավոր շրջափակումից խուսափելու համար: Այդ ընթացքում փոխգնդապետ Օհանյանը մարտը վարել է առաջնագծից և կյանքի գնով ապահովել անձնակազմի կողմից ավելի նպաստավոր բնագծի զբաղեցումը: Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է <<Մարտական Խաչ>> 1-ին աստիճանի պետական շքանշանով:
Տեսանյութը Tavush TV