
Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Ադրբեջանական պլանի ձախողումը․․․
Ե՞րբ հաստատվեց հրադադարը ու ի՞նչ կարող է հաջորդել դրան։
Ըստ պաշտոնական և նաև ոչ պաշտոնական, բայց հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ ՌԴ-ի միջնորդությամբ հրադադարը հաստատվեց այն ժամանակ, երբ հայկական կողմին հաջողվել էր վերադառնալ այն բնագծին, դիրքերին, որում գտնվել ենք մինչև գիշերվա հարձակումը։ Մերոնք գիշերը կորցրել էին մեկ դիրք, սակայն հետո հակահարձակում արել ու նորից ետ վերադարձրել այն (ինֆորմացիան հաստատել է Արծրուն Հովհաննիսյանը)։
Ի՞նչ զիջումների դիմաց հաստատվեց հրադադար, հարցը հուզում է շատերիդ։
Եթե դիտարկենք, որ հայկական կողմը հրադադարի պահին չուներ ոչ մի տարածքային կամ դիրքային կորուստ ու շարունակում էր հաջողությամբ պաշտպանվել՝ չբացառելով նաև առաջ գնալու տարբերակը, ապա դժվար է խոսել հայկական կողմից զիջումների մասին։
Վերոնշյալ փաստերի համադրումից կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի նպատակը կայծակնային գրոհով մի քանի դիրք գրավելն էր ու հետո հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ զիջումներ պարտադրելը։ Փաստացի ադրբեջանական պլանը ձախողվեց ՀՀ ԶՈՒ-երի աչալրջության և ՀՀ-ի վճռականության շնորհիվ։
Հավերժ փառք մեր ընկած հայորդիներին, որոնք կարողացան արյան և սեփական կյանքի գնով պահպանել ՀՀ-ի սահմաններն ու ամրացնել երկրի բանակցային դիրքերը»: