«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8–րդ միջազգային փառատոնը այս տարի կիրականացվի օգոստոսի 14-ից 29–ը՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

 

Տեղեկացնենք, որ «Ֆրեսկո» փառատոնի 2021 թվականի ծրագիրը կազմելիս հաշվի ենք առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրությանը մոտիվացնող, ոգևորող, զինվորներին մեծարող միջոցառումներով՝ սոցիալական համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, մարզային ծրագրեր, մոտիվացիոն հանդիպումներ:

 

Այս տարի փառատոնը ստացել է 4000 –ից ավելի հայտեր 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ 43 երկրից:

 

Նախատեսվում է հյուրընկալել միջազգային անվանի կինոգործիչներ, արվետագտներ, ովքեր մեծ ներդրում ունեն հասարակական և մշակութային կյանքում:

 

Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive.» խորագրով: Փառատոնի շրջանակներում կստեղծվի մշակութային հարթակ, որտեղ ելույթ կունենան հայաստանյան և արտասահմանյան թե հայտնի, թե չբացահայտված ստեղծագործ անհատները և խմբերը, որոնք «առանց տոմսի» օրեր շարունակ կդառնան հանդիսատեսի առօրյայի անբաժան մասը: «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի. դասականից մինչև ժողովրդական:

 

Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ռուսաստանից ժամանող Ալեքսեյ Արխիպովսկու բացօթյա համերգը , ով հանդիսանում է «Բալալայկայի Պագանինի», «Երեք լարերի հանճարը» աշխարհում ռուսական երաժշտության սուրհանդակներից մեկը, վիրտուոզ՝ մեկընդմիշտ փոխած ժողովրդական գործիքի հնարավորությունների մասին պատկերացումները:

 

«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին:

 

Փառատոնի ծրագրում կհյուընկալվի Նատալյա Կրելը՝ «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտե» հասարակական միությունների համառուսական միության գործադիր տնօրեն, անվասայլակների պարի սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը, ով կիրականացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց սոցիալ - մշակութային գործիչների համար:

 

Փառատոնին նաև կհուրընկալվեն մի շարք արտասահմանյան հյուրեր, ովքեր տեղացի մշակութային գործիչների հետ միասին «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսի հետ` ժամանակավորապես դառնալով նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:

Ֆրեսկո միջազգային փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաության գլխավոր աջակցությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:

144