Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին նոր հրաման է ստորագրել, ըստ որի հաստատել է 2020-2021 ուստարվա արձակուրդների օրերը։ 

 

Այս տարի ուսումնական պարապմունքները հաստատությունում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ' առաջին, 32' երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։  

 

Այսպիսով, առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:   Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:  

 

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ' աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:  

 

Դպրոցները անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), կրթության շարունակականությունը ապահովելու համար, կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերը իրականացնել հեռավար ուսուցման ձևով։ 

 

Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության՝ Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով նախարարությանը:  

 

Նախարարության ենթակայության հաստատություններում  արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:

 

Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը' այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը: Հրամանը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 13-ից։

2550