Վեց երկրի շուրջ 800 զինծառայող կմասնակցի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում, ուրբաթ հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Ըստ մամուլի ծառայության՝ Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների ներկայացուցիչների շտաբի վերջին բանակցությունները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությանը նախապատրաստման շրջանակներում, որը կանցկացվի նոյեմբերին ռազմական բուհի ուսումնական պոլիգոնում:
«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ռազմական պատվիրակությունների նախօրեին պրակտիկ գործողությունների վայրի հետախուզություն անցկացրեցին, որոշեցին զորավարժություններին մասնակցող ուժերի եւ միջոցների կազմը: Այսպիսով, համատեղ պրակտիկ գործողություններին կմասնակցի ընդհանուր մոտ 800 զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության՝ զորավարժություններին կներգրավվի նաեւ Ռուսաստանի զինված ուժերի 90 միավոր տեխնիկա, այդ թվում՝ երկու «Մի-24» եւ «Մի-8» ուղղաթիռներ, «Սու-24ՄՌ» եւ «Սու-34» ինքնաթիռներ: Զորավարժություններին կմասնակցեն նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների այլ նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Բանակցությունների արդյունքում հաստատվել է նաեւ զորքերի պրակտիկ գործողությունների պլանը. մշակվել են որոշումներ համապարփակ աջակցության եւ կորոնավիրուսի տարածումը կանխելու պահանջներին համապատասխանության վերաբերյալ: