Մեզ համար ընդունելի է սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների կոչը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնհայտ է, որ այս պայմանի կատարումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար: Եթե սադրիչ հայտարարությունների հետաձգելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշապես բանավեճերի տեղիք է տալիս»,- ասաց Փաշինյանը

«Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումն էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար»,- հավելեց վարչապետ Փաշինյանը:

Ըստ վարչապետ Փաշինյանի՝  նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման:

«Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»,- հավելեց վարչապետը:

 

 

 

 

 

2596