Կառավարությունը հանքարդյունաբերության ոլորտից հարկվող եկամուտների ավելի արդարացի վերաբաշխման մեխանիզմ է առաջարկում ներդնել՝ դրանցից մասհանումներ կատարելով և այդ գումարներն ուղղելով համայնքների զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 12-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել «Բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերի փաթեթը, որով առաջարկվող բարեփոխմամբ կներդրվի ընդերքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգը:

Զեկուցողը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ուշադրություն հրավիրեց «արդարացի վերաբաշխում» շեշտադրման վրա, քանի որ հայեցակարգի հիմքում այս գաղափարն է դրված: Ըստ նրա՝ նախագծով առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի վճարողների կողմից պետբյուջե վճարված գումարների 2 տոկոսից մասհանումներ անել և դրանք բաշխել ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքի կամ հանքերի ազդակիր համայնքների միջև՝ 50/50 տոկոս հարաբերակցությամբ:

Նախարարի գնահատմամբ՝ այս ոչ մեծ ծավալի գումարների վերաբաշխումը նպատակ ունի ներմուծել միջազգայնորեն լայն կիրառվող մշակույթ, որի հիմքում ընկած է հետևյալգաղափարը՝ այն համայնքներում, որտեղ աշխարհագրորեն առկա են ռեսուրսներ, հնարավոր է զարգացնել ընդերքօգտագործման միայն այդ ուղղությունները, և համայնքները կրում են այդ գործունեության ազդեցությունը, ինչով պայմանավորված էլ համայնքային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն է առաջանում: Ուստի համայնքին հնարավորություն է տրվում տրամադրված գումարներն ամեն տարի ուղղել որևէ առանձին ծրագրի: Նախագծով նախատեսվում է նաև ավագանու դերի մեծացում, քանի որ մասհանմամբ իրականացվող ծրագիրը հաստատվելու է ավագանու կողմից, ինչը, կբարձրացնի գումարները ծախսելու հասցեականությունը և այնպես չէ, որ այդ եկամուտները կարող են ուղղվել, աշխատասենյակի վերանորոգմանը: Հաշվետվությունը պետք է հրապարակվի ՏԻՄ և մարզպետարանի կայքէջերում՝ ապահովելով հաշվետվողականություն և թափանցիկություն:

Միաժամանակ, ըստ Գնել Սանոսյանի, նշված մեխանիզմը ամբողջովին համահունչ է ՏԻՄ միջազգային խարտիայից բխող ֆիսկալ ինքնուրույնության սկզբունքին և ապահովում է տարածքների համաչափ զարգացման սկզբունքը:

«Այս փորձը ուսումնասիրվել է բազմաթիվ երկրներում, հատկապես Հայաստանի նման ունիտար համակարգ ունեցող երկրներում, և նման մեթոդ կիրառվում է նմանատիպ երկրներում: Հատկապես վերցրել ենք Սերբիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Ուկրաինայի և Ղրղզստանի փորձը», - նշեց նախարարը՝ հավելելով, որ նախագիծը քննարկվել է նաև քաղաքացիական հասարակության և տարբեր կազմակերպությունների կողմից՝ արժանանալով հավանության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, արձագանքելով զեկուցմանը, նկատեց. «Եթե հաշվի առնենք, որ մենք ընդհանուր առմամբ հիմա ռոյալթիների համակարգը վերանայելու գործընթացի մեջ ենք, և մետաղների գները կանխատեսումներով շարունակաբար բարձրանալու են, ապա այդ գումարը նույնիսկ նախորդ տարվա չափանիշներով փոքր չէ»:

Փաշինյանը շեշտեց, որ այդ գումարներով համայնքները կարող են ընդլայնել իրենց սուբվենցիոն հնարավորությունները՝ իրագործելով կարևոր ծրագրեր, օրինակ՝ վերանորոգել փողոցներ և ճանապարհներ, որոնք մոտ 50 տարի չեն վերանորոգվել, կամ՝ պուրակներ, որոնք հիմնադրման օրից չեն նորոգվել:

«Այնպես որ, կարծում եմ՝ մեխանիզմը ավելի կարևոր է: Այլ բան, որ ինչպես Դուք նշեցիք՝ մենք պետք է հանքարդյունաբերության համակարգը ավելի արդարացի հարկենք, որպեսզի ավելի արդարացի բաժին հասնի ե՛ւ ՀՀ-ին, ե՛ւ համայնքներին», - հավելեց վարչապետը:

179