Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք բերված փոխհամաձայնությանը: «Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը։ Հուսով ենք՝ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում հնարավոր կլինի խաղաղության հասնել»,- այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ երկար բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են լիակատար հրադադարի մասին:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Փահալգամ զբոսաշրջային քաղաքում զինյալների խմբի կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 26 մարդ։ Զոհվածների մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի կողմից աջակցվող Դիմադրության ճակատ (TRF) ապստամբական խմբավորումը, որը Հնդկաստանում համարվում է ահաբեկչական։

Հարձակումից հետո Հնդկաստանի իշխանությունները հրամայել էին Պակիստանի բոլոր քաղաքացիներին լքել երկիրը մինչև ապրիլի 29-ը, նույնիսկ եթե նրանք այդ ամսաթվին վավեր վիզաներ ունեն։ Բացի այդ, Հնդկաստանի կառավարությունը հրամայել էր անհապաղ կասեցնել Պակիստանի հետ ջրային ռեսուրսների բաժանման մասին համաձայնագրի՝ 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի գործողությունը։

Ի պատասխան՝ Իսլամաբադը նշել էր, որ Հնդկաստանի կողմից հարևանի ջրամատակարարումը դադարեցնելու ցանկացած փորձ կհամարի «պատերազմական ակտ», նաև հայտարարել դիվանագիտական միջոցների կիրառման մասին։

 

495