Հայաստանում տեղահանված խոցելի և այլ անապահով խմբերի տնտեսական և սոցիալական ներառման գործում հնարավոր ջանքերի համախմբման նպատակով՝ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԳՄՀԸ/GIZ-ի կողմից իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի և Action Against Hunger (ААH) կազմակերպության միջև։
Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։
«Հուշագրի կնքումը մեզ հնարավորություն կտա է՛լ ավելի խորացնել ոլորտային համագործակցությունը։ Ուստի, մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ հնարավոր ջանքերն ու ռեսուրսները մեկտեղել առկա մարտահրավերներին պատշաճ կերպով արձագանքելու համար»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։
Այսպիսով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել պարբերաբար թարմացված տեղեկատվություն տրամադրել գործընկեր կազմակերպություններին սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության նախաձեռնած քաղաքականության և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը տնտեսական և սոցիալական մասնակցության հնարավորությունների վերաբերյալ թիրախային խմբերի շրջանում: Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել տրամադրել վերջիններիս կարիքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, զեկույցներ՝ ապահովելով հաջողությամբ փորձարկված սոցիալ-տնտեսական մեթոդաբանության և հայեցակարգերի տեղայնացումն ու իրականացումը:
Հուշագրի շրջանակում GIZ-ը պարտավորվել է անհրաժեշտ փորձագիտական խորհրդատվության տրամադրման միջոցով կողմերի համար ստեղծել նպաստավոր շրջանակային պայմաններ՝ տեղական համատեքստում աշխատունակության բարձրացմանը միտված նոր միջոցառման` «Shuttle» մեթոդաբանության տեղայնացման և փորձարկման առնչությամբ։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում է բարելավել նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության կարողությունները՝ բավարարելու, մասնավորապես, տեղահնված և տեղաբնակ խոցելի խմբերի կարիքները նորարարական և կարիքահեն մեթոդի կիրառմամբ, որն արդեն փորձարկվել է Հայաստանում EPIC ծրագրի շրջանակներում։
Action Against Hunger կազմակերպությունն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել պարբերաբար քննարկումներ անցկացնել ԱՍՀՆ հետ` սոցիալական և տնտեսական ներառման գործողությունների համատեղ բացահայտման, պլանավորման և իրականացման ուղղությամբ, ինչպես նաև խորհրդակցել կառավարության կողմից իրականացվող և դոնորների կողմից ֆինանսավորվող այլ հնարավոր ծրագրերի համակարգման և փոխլրացման նպատակով: Կազմակերպությունը հանձն է առել նաև աջակցել նախարարությանը` մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման համար սոցիալական և տնտեսական մասնակցության և ներառման մոտեցումներում` խոցելի և անապահով խմբերին սոցիալական բարելավված ծառայություններ մատուցելու համար: