Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին․ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով դեսպանին՝ խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունները եւ շնորհակալություն հայտնեց Գիորգի Սագանելիձեին՝ դիվանագիտական ծառայության ընթացքում այդ ուղղությամբ կատարած սերտ աշխատանքի համար:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության համար:
Նա ընդգծեց, որ հայ-վրացական փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, եւ այդ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:
Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ կարեւորեց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների միջնորդությունը եւ հույս հայտնեց, որ հետագայում եւս Վրաստանն այդ հարցում կցուցաբերի իր օժանդակությունը: Այդ համատեքստում նա ընդգծեց տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը:
Դեսպանը եւս կարեւորեց տարածաշրջանում խաղաղության գործոնը: Նա նշեց, որ մեր երկրից հեռանում է ջերմ հուշերով՝ մնալով Հայաստանի բարեկամը: