Օգոստոսի 19-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների  արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը,  Տնտեսական Հետազոտությունների և Զարգացման Աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Ռուբեն Սարուխանյանը և Վագենինգենի համալսարանի ներկայացուցիչ Ռուզաննա Արամյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև գուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով հայ-նիդերլանդական ցանցային հարթակի ձևավորման հարցը։ Հարթակը թույլ կտա գյուղատնտեսության ոլորտում Նիդերլանդների հարուստ փորձը և գիտելիքները փոխանցել հայ մասնագետներին և ատադրողներին։

Արման Խոջոյանն առանձնացրել է գյուղատնտեսության երեք առաջնային ուղղություններ, որոնց զարգացման գործում նիդերլանդական փորձը և գիտելիքները Հայաստանի համար շատ կարևոր են․ դրանք են՝ բուսաբուծություն` ներառելով սերմերի արտադրությունը և ջերմատնային մշակաբույսերը, վերամշակում և լոգիստիկա։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Ագրարային համալսարանը «Գերազանցությունների կենտրոն» դարձնելու գաղափարին՝ նշելով, որ այն նախատեսվում է զինել լավագույն մասնագետներով, որոնք կտիրապետեն ոլորտային ամենաարդիական և թարմ տեղեկատվության, և որտեղ կիրականացվեն գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ։ Կենտրոնը նաև կմասնակցի գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացին։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ոլորտի զարգացման գործում կարևորել է երկու երկրիների միջև ուսանողների և մասնագետների փոխանակման, ինչպես նաև կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը։ Այդ համատեքստում նա առաջարկել է համագործակցության եզրեր գտնել Վագենինգենի համալսարանի հետ՝ նշելով, որ երկու համալսարանների միջև նմանատիպ ծրագրերի իրականացումը կարող է նոր շունչ հաղորդել ինչպես Հայաստանի կրթական համակարգին, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտին ընդհանրապես։

Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանում հայ-նիդերլանդական համատեղ ծրագրերի պակաս կա և նշել, որ հարկավոր է լրացուցիչ աշխատանքներ իրականացնել բացը լրացնելու համար։ Այս համատեքստում նախարարի տեղակալն առաջարկել է ծրագրերի մեջ դիտարկել փորձագետների համար նախատեսված գրանտային ծրագրերի ներգրավման հեռանկարները։

Հանդիպման ավարտին կողմերը որոշել են ձևավորել աշխատանքային գործունեության ճանապարհային քարտեզ և հստակ քայլերով գնալ առաջ՝ իրագործելու հանդիպման ընթացքում քննարկված գաղափարները։

920