Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» PROGRESS ծրագրի ազգային աշխատաժողովի և դրա բաղադրիչ հանդիսացող «Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության» (EU4ClimateResilience) ծրագրի մեկնարկային միջոցառմանը:

 

PROGRESS ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին անցում կատարել կլիմայանպաստ, դիմակայուն և կանաչ տնտեսության զարգացմանը, ինչպես նաև գործընկեր երկրներում գյուղատնտեսական տարբեր արժեշղթաներում ավելի կայուն արտադրության մոդելների ներդրմանը: Այն իր մեջ ներառում է աջակցություն՝ ուղղված ինստիտուցիոնալ շրջանակի պայմանների բարելավմանը, ինչպես նաև հարակից ագրոարդյունաբերական և ֆինանսական հատվածներում միջոցառումների իրականացմանը:

 

EU4ClimateResilience ծրագիրը նպատակ ունի աջակցելու Արևելյան գործընկերության երկրներին բարելավել կլիմայի փոփոխության և հարմարվողականության քաղաքականությունները և հասնել Փարիզյան համաձայնագրի ներքո դրված հարմարվողականության և մեղմման նպատակներին: Այս ծրագիրն իրականացվում է նաև տեղական մակարդակում՝ աջակցելով կլիմայի հարմարվողականության նախագծերի իրականացմանը, բարձրացնելով քաղաքների և քաղաքապետարանների պատրաստվածությունը և դիմակայունությունը կարճաժամկետ և երկարաժամկետ կլիմայական ռիսկերի դեմ:

 

Միջոցառմանը ներկա էին նաև այլ գերատեսչությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

168