Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Արդյունավետ բազմակողմանիությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր մասն է»,- այս մասին Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (COP17) բացման իր ելույթում հայտարարեց արտաքին գործերի և միջագային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ աշխարհագրաքաղաքական լարվածության, տնտեսական անորոշության և մրցող ազգային առաջնահերթությունների պայմաններում մեծանում է ՄԱԿ-ի ու միջազգային կառույցների դերը։ Նրա խոսքով՝ այդ հարթակները պետություններին հնարավորություն են տալիս, անկախ իրենց ռեսուրսներից ու քաղաքական տարբերություններից, հավասար պայմաններում քննարկել ու համադրել իրար բախվող շահերը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից COP17-ը և առաջնորդների գագաթնաժողովը հյուրընկալելու որոշմանը՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ դա վերահաստատում է Երևանի պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու գլոբալ բնապահպանական գործընթացներին։

Նրա համոզմամբ՝ նախագահությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ հնարավորություն՝ կողմերին օգնելու ձևավորել վստահություն, հաղթահարել առկա տարբերություններն ու առաջ մղել ընդհանուր օրակարգը։ Հայաստանը մտադիր է գործընթացն առաջ տանել անկողմնակալության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։

ԱԳ նախարարը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կենսաբազմազանության պահպանությունը դուրս է գալիս զուտ բնապահպանության շրջանակներից։ Կլիմայի փոփոխությունը, պարենային անվտանգությունը, կայուն զարգացումն ու կենսաբազմազանությունը սերտորեն փոխկապակցված են, և մեկ ոլորտում կայացված որոշումն ազդում է մյուսների վրա։

Ելույթի ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակություններին Երևան այցելելու համար և մաղթեց արդյունավետ քննարկումներ։

140