Հուլիսի 27-ին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ:

Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան: Այցի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ դիտարկվել են շախմատային դպրոցն այլ տարածք տեղափոխելու հնարավորությունները: Ըստ նախնական քննարկումների՝ 7-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզային տարածքը հիմնարար վերանորոգումից հետո կարող է ծառայել որպես շախմատային բարեկարգ մարզադպրոց՝ ընդգրկելով ավելի մեծաթիվ սաների: Բացի այդ, Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է վարչական շրջանում իրականացվող մեծածավալ աշխատանքները։

 

Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի ուղեկցությամբ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը եղել է նաև տեղի մարզադպրոցում, որը, ցավոք, դեռևս գործում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում: Քննարկումներից հետո դպրոցի տեղափոխության համար նախանշվել է նոր տարածք, որը թույլ կտա մրցաշարային դահլիճ, ազատ դասասենյակներ և աշխատասենյակներ ունենալ, ստեղծել ուսումնական պատշաճ միջավայր:

«Ուրախ եմ նշել նաև, որ Նուբարաշենի շախմատի դպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր»,-ընդգծել է Մխիթար Հայրապետյանը:

 

1469