
Սեպտեմբերի 7-ին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը «Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ» նախագծի շրջանակում՝ ի դեմս Դավիթ Բաբայանի նախաձեռնել էր զինծառայողների մեծարման երեկո: «Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ» նախագծի գաղափարի ու կյանքի կոչմանն ուղղված աշխատանքների հեղինակը Best friends tour –ի հիմնադիր Դավիթ Բաբայանն է, ով կազմակերպում է մշակութային, ճանաչողական այցեր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ապրիլյան քառօրյայի մասնակից տղաների առօրյան հետաքրքիր դարձնելու նպատակով: Այս անգամ կազմակերպվեց կենտրոնում բուժում ստացող զինծառայողների մեծարման երեկո: Երեկոյի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր: Ազգային երգերի բարձրարվեստ նմուշները յուրատեսակ կոչ ու գոհաբանության աղոթք էին հայորդիներին ու առ Աստված՝ պահպանելու հայոց հողն ու նրա պահապաններին դարանակալ թշնամուց:
Մեծարման երեկոյի հատուկ հյուրն էր Գուսան Հայկազունը, ով իր խոսքում նշեց. «Ես կոչ եմ անում մեր ժողովրդին չընկճվել և երբեք չընկրկել: Բոլոր ազգերն ու պետություններն էլ տեսել են պատերազմներ, պարտություններ, հաղթանակներ: Մենք այդպիսի հազարամյակներ ենք ունեցել ու ապրել, արարել ենք: Ստեղծել ենք, հաղթանակել ենք այն ուժով ու ոգով և այն գաղափարներով, որ լինենք միասնական: Միասին լծվենք պետականաշինության գործին այնպես, ինչպես պետք է անել հզոր ու լավագույն երկիր կառուցելու համար. դրա համար գիտնականն իր գործով պիտի զբաղվի, շինարարն՝ իր: Ամեն մեկն իր գործում հաջողություններ արձանագրելու դեպքում կդնենք մեր ամուր պետության հիմնաքարը»,- ասաց նա:Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Նուբար , Արտակարգ տրիո համույթները, Միլենա շոու բալետը, Արմեն Հայրապետյանը, Լիլիթ Ալթունյանը: Երեկոյի բացահայտումն էր զինծառայող Աշոտ Թադևոսյանը, ով իր երաժշտական կատարմամբ յուրատեսակ շունչ հաղորդեց ու հերոսական ոգով տոգորեց միջոցառման ներկաներին:Դավիթ Բաբայանը շնորհակալագրեր հանձնեց միջոցառման աջակիցներին:
«Միասնություն հանուն հայության բարեգործական կազմակերպություն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Իսահակյանը շնորհակալագրեր հանձնեց Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի աշխատակիցներին, բուժում ստացող, ինչպես նաև ապաքինված զինծառայողներին: Ս. Իսահակյանը Դավիթ Բաբայանին պարգևատրեց «Միասնություն հանուն հայության բարեգործական կազմակերպության» մեդալով:«Արդեն 4 ամիս է ,ինչ սկսել եմ Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տղաների համար իրականացնել ճանաչողական էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։«Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ» ծրագրի նպատակն է տղաներին հանգստի ժամանց ապահովելը,որպեսզի նրանք մի փոքր մոռանան իրենց ապրումները։ Բացի էքսկուրսիաներից կազմակերպում ենք նաև երևանյան միջոցառումներ,այցելություններ համերգներ,թանգարաններ, տարբեր միջոցառումներ։Սեպտեմբերի 7-ին կայացավ մեր երևանյան միջոցառումներից մեկը Մամիկ հյուրատանը։ Ունեցանք հագեցած և շատ գեղեցիկ երեկո՝ երգիչների և պարային խմբերի մասնակցությամբ։ Տղաների դեմքին ժպիտ տեսնելը ինձ համար ամեն ինչից վեր է։Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տնօրինությանը վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ է տղաների հետ ճանապարհորդելը։ Սա ամենաչնչին բանն է ,որ ես կարող եմ անել նրանց համար: Նրանք իրենց կյանքի գնով մեզ կյանք են տվել: Հիմա եկել է մեր հերթը նրանց համար ինչ-որ բան անելու։Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցում են նախագծին: Եվ, իհարկե, խորին շնորհակալություն այն մարդկանց, որոնց ինչ-որ հարցով եմ դիմել և մերժում ստացել։( Այո, հավատացեք կան նմանները) ։Դա ինձ ավելի է թևեր տալիս, որ ես պետք է անեմ ավելին ու ավելին։ Փառք հայոց բանակին ,փառք մեր զինվորներին,հավերժ փառք մեր նահատակված տղաներին»,- ասաց Դավիթ Բաբայանը: