ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 14-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի՝ մինչ օրս չհաղթահարված հետևանքներին՝ Հակոբ Արշակյանը փաստեց, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները և ազատ չի արձակում հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց:

ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը վերոնշյալ խնդիրների լուծման հարցում մեր երկրին շարունակաբար աջակցելու համար:

Հակոբ Արշակյանը նշեց, որ 2022 թ. լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը: ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ այդ կապակցությամբ անցկացվելիք մշակութային միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով:

Միխայիլ Շվիդկոյը իր հերթին ընդգծեց հայ-ռուսական երկկողմ համագործակցության առանձնահատուկ բնույթը՝ նշելով, որ իրենք հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, և մտահոգություն հայտնեց պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար և մշակութային մարտահրավերների առնչությամբ:

Հյուրը նշեց նաև, որ Ռուսաստանի հայ համայնքը զգալի դերակատարում և ներդրում ունի երկրի հասարակական-քաղաքական, ինչպես նաև մշակութային կյանքում:

Քննարկվեցին նաև հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող այլ հարցեր:

 

139