Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Դերասանուհու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-20։00-ն, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ն, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարական հանձնաժողովը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության ցավակցականը: Այն հրապարակում ենք ստորև.

Ազգային թատրոնը մեծ կորուստ ունեցավ, այլևս նրա բեմը չի զարդարի Ժենյա Ավետիսյան դերասանուհին, ով Մետաքսյա Սիմոնյանից հետո արժանացավ բեմի առաջնուհու փառքին և ամենքի կողմից սիրելի արտիստուհու համբավին։ Այլևս մեր կողքին չէ Երևանի գեղեցկագույն տիկինը, տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի կյանքի և բեմի զուգընկերը։

Ժենյա Ավետիսյանը ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1964 թվականից հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։

Ժենյա Ավետիսյանը նկարահանվել է ավելի քան 20 գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982 թ.), «Ճերմակ անուրջներ» (1985 թ.), «Ժայռը» (1973 թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974 թ.) և այլն։

Թատրոնում սիրված դերասանուհու կերտած ակնառու կերպարներից են Նատալյան՝ «Խաթաբալա»-ում, Բիանկան՝ «Օթելլո»-ում, Էփեմիան՝ «Պեպո»-ում, Նադենկան՝ «Կամք»-ում և այլն։

Հայ հանդիսատեսի համար հոգեհարազատ են նաև նրա կերտած դերերը կինոյում․ Վարդուհին՝ «Ճերմակ անուրջներ»-ում, Նատոն՝ «Գիքոր»-ում, Մարգարիտը՝ «Ժայռ»-ում և այլ սիրված ու հիշարժան դերեր։

Արտաքին հմայքից՝ ներքին հմայք. այդպիսին էին արտիստուհու կերպարները՝ ազգային խառնվածքով և տիպաբանությամբ։ Հենց այս իմաստով նրա մահը մեծ կորուստ է ազգային թատրոնի համար, մանավանդ որ բեմական կյանքով հարուստ դերասանուհին դեռ շատ դերակատարումներ կարող էր պարգևել հանդիսականներիս։

Ժենյա Ավետիսյանը ՀԽՍՀ վաստակավոր և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ էր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր։

322