
Համայնքների խոշորացման և ՏԻՄ նոր ներդրվող համակարգի մասին Araratnews.am-ը զրուցել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի հետ:
Պարոն Ղալումյան, Դուք եղել եք և ավագանի, և մարզպետ: Համայնքների խնդիրները Ձեզ ծանոթ են: Մյուս կողմից՝ հանրապետությունում ունենք խոշորացման օրինակներ։ Որքանո՞վ է խոշորացումն իրեն արդարացրել, ի՞նչ առավելություններ են արձանագրվել։ Եվ, ընդհանրապես, ի՞նչ արդյունավետ լուծումներ ակնկալել:
Խոշորացումը, ընդհանուր առմամբ, ֆինանսական, մարդկային, ինտելեկտուալ հնարավորությունների միավորում է, ոչ թե կոնկրետ գյուղի միացում մյուս գյուղին կամ հարակից քաղաքին: Հիմնականում գյուղական համայնքները չունեն կազմակերպված աղբահանություն, անհրաժեշտ տեխնիկա: Կա նաև պրոֆեսիոնալ աշխատակազմերի և որակյալ կառավարման խնդիր: Կոնկրետ համայնքներ ռեսուրսների սղության պատճառով նույնիսկ չեն կարողանում մասնակցել սուբվենցիոն ծրագրերի: Համայնքների խոշորացմամբ, այսինքն՝ կարողությունների միավորմամբ, կհասնենք այս և ուրիշ խնդիրների լուծմանը:
Առաջին հայացքից փնջերի ձևավորման ընդհանուր մոտեցում չի կիրառվել: Ընդհանրապես ի՞նչ տրամաբանությամբ են որոշվել համայնքային փնջերը, որովհետև տարբեր տեղերում տարբեր մեծության և քանակի համայնքներ են միավորվում:
Ես կողմնակից եմ սկզբունքային մոտեցմամբ խոշորացման տարբերակին: Ավելի կոնկրետ՝ նախկին խորհրդային շրջանների վերականգնման մոդելին: Պայմանավորված տարբեր ռեգիոնների առանձնահատկություններով` ոչ բոլոր տեղերում է այս մոդելը արդյունավետ, ուստի ոչ բոլոր համայնքներն են միավորվել այս մոդելով, բայց գերակշիռ մասում գործել է այս սկզբունքը:
Կա շահարկում, որ այս պրոցեսը կատարվում է՝ ՏԻՄ-ը քաղաքական իշխանության կողմից իրեն ենթարկեցնելու համար: Ի՞նչ կասեք սրա մասին, և ընդհանրապես ընտրության քաղաքական ձևին անցումը կուսակցական համակարգի զարգացման վրա ի՞նչ ազդեցություն կունենա:
Ես չեմ հասկանում այս հարցի էությունը: Եթե իշխանությունը ցանկություն ունենա ամեն գնով վերցնել ՏԻՄ վերահսկողությունը` դա կանի նաև առանց խոշորացման: Հետո, մենք ունենք փորձ, երբ իշխանությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում: Մենք պարտվել ենք որպես քաղաքական թիմ, բայց հաղթել է մեր կողմից առաջ քաշված սկզբունքը: Ես համամասնական ընտրակարգի անցնելու օրենքի համահեղինակ եմ: Կուսակցական համակարգի զարգացման առումով կլինի բավականին դրական տեղաշարժ, որովհետև մեր համայնքներում ընտրությունները քաղաքական չեն: Դրանք հիմնված են միջանձնային հարաբերությունների վրա, որոշ տեղերում կա նաև թշնամանք: Կան օրինակներ, երբ գործը հասել է միմյանց վրա կրակելուն կամ սպանությունների: Համամասնական ընտրակարգով պրոցեսը կքաղաքականանա: Կհավաքվեն կուսակցական թիմեր: Բացի այդ, կուսակցությունները կդառնան աշխատանքի արդյունավետությունը վերահսկող ևս մեկ օղակ, քանի որ կուսակցությանը՝ բացի համայնքի լավ կառավարումը, հետաքրքրում է իր իմիջը և քաղաքական շահը՝ ոչ միայն ներհամայնքային, այլև հանրապետական մակարդակում:
Խոշորացման հետևանքով մեծանալու է ավագանու և դերը, և ծանրաբեռնվածությունը: Միաժամանակ պահանջվելու է նաև ավելի պրոֆեսիոնալ ու հետևողական աշխատանք: Արդյունավետության բարձրացման նպատակով կա՞ քննարկում, կամ նախատեսվո՞ւմ է արդյոք ավագանու աշխատանքը վճարովի դարձնելու հարցը:
Ավագանին իր գործունեության իրականացման համար կատարած որոշակի ծախսերի փոխհատուցում ստանալու հնարավորություն այսօր էլ ունի, բայց միաժամանակ այսօր աշխատավարձով ավագանի ունենալը մեր համայնքների համար ֆինանսական լուրջ խնդիր է: Այս փուլում նման հարց չի քննարկվում, բայց համայնքների զարգացման, հնարավորությունների ավելացման պարագայում այս հարցը նույնպես կարող է դառնալ քննարկման առարկա:
Վերջին հարցս վերաբերում է ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերին: Դրանցից մի մասը խոշորացման է ենթարկվում, մյուս մասը՝ դեռ ոչ: Սա նույնպես շահարկման առիթ կարող է տալ՝ որպես խտրական մոտեցում այս կամ այն համայնքի նկատմամբ: Ընդհանրապես խոշորացման պրոցեսը իր ձևի ու բնույթի մեջ որևէ ռիսկ պարունակո՞ւմ է ազգային փոքրամասնությունների համար:
Մենք Եվրոպական խարտիայով նախատեսված ունենք պարտավորություն, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքերը չեն խոշորանալու: Այս պահին ունենք խնդիր՝ կապված Դմիտրով համայնքի հետ, որի բնակչության 14,2 տոկոսը, ըստ Ոստիկանության տեղեկանքի, ասորիներ են: Այստեղ մենք չենք կարող հաշվի չառնել նույն համայնքի մնացած՝ գերակշռող մասի շահը: Մենք խոշորացումը դիտարկում ենք որպես համայնքների զարգացման կարևոր բաղադրիչ: Իմ անձնական կարծիքով, սրանով մեր ազգային փոքրամասնություններին՝ որպես առանձին էթնիկ խմբերի, որևէ ռիսկ չի սպառնում, ավելին, այս պրոցեսը իրենց տալիս է զարգանալու հավելյալ հնարավորություն: Չխոշորանալով` այս համայնքները զրկվում են մեր երկրում կարևոր ռեֆորմի մաս լինելուց:
Արամ Սիմոնյան