ՀՀ Կառավարության այսօրվա նիստին գործադիրը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Որոշման ընդունմամբ առավել հստակեցվել են տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները. դա խորհրդին մեկ հավակնորդ ընտրելու և հետագա շահարկումներից խուսափելու հնարավորություն կընձեռի: Բացի դրանից՝ տնօրենի ընտրության կազմակերպչական աշխատանքները կկազմակերպվեն ավելի դյուրին, իսկ ընտրությունը` առավել արդարացի:

Տնօրենի ընտրության կարգն ամբողջությամբ խմբագրվել է, և հիմնականում  կատարվել են հետևյալ փոփոխությունները.

Տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման կազմակերպչական աշխատանքները սկսելու համար սահմանվել են նոր ժամկետներ` պայմանագրի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ, ինչը հնարավորություն կընձեռի մինչև թափուր տեղ առաջանալն ընտրել նոր տնօրեն և խուսափել պաշտոնակատար նշանակելու հանգամանքից։ Այլ պատճառներով տնօրենի  թափուր տեղ առաջանալու դեպքում նոր կարգով երեք ամսվա ընթացքում հայտարարվում է մրցույթ: 

Կարգով հավակնորդների գործերի  ընդունման ժամկետ է սահմանվել 15 աշխատանքային օր, որը կարող է երկարացվել ևս 15 աշխատանքային օր, եթե հայտարարված ժամկետում հայտեր չեն ներկայացվել (գործող կարգով սահմանված է եղել 30 օր․ հավակնորդներ լինելու դեպքում այդ ժամկետը շատ երկար էր):

Որոշմամբ սահմանվել է հայտարարության ձև, որով հստակ նշվում են տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար պարտադիր պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերը։ Հիմնական փոփոխությունն այն է, որ հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հնարավորություն է տրված պակասող փաստաթղթերի առկայության դեպքում դրանք համալրել մինչև փաստաթղթերի ընդունման օրը:

Առավել հստակ են սահմանվել խորհրդի լիազորությունները և մրցույթի անցկացման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև լիազոր մարմնի ներկայացուցչի և ԶԼՄ-ների մասնակցության ապահովման ու նրանց լիազորությունները:

Սահմանվել է նաև, որ հավակնորդները խորհրդին են ներկայացնում ուսումնական հաստատության 5 տարվա ռազմավարական ծրագիրը, որը մինչ այդ ներկայացվում էր թերություններով, ոչ ռազմավարական ծրագրի ձևաչափով և գործողությունների պլանով: Նախագծում սահմանվել են այն բաղադրիչները և պարտադիր քայլերը, որոնք պետք է առկա լինեն ծրագրում:

Նախագծով սահմանվել է նոր մոտեցում, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայները: Գործող կարգով սահմանված է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը (հավակնորդները), ով (ովքեր) ստացել է (են) քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների կեսից ավելիի կողմ ձայներ, ինչից բխում էր, որ խորհուրդը կարող է ընտրել մեկից ավելի հավակնորդների, և այդ դեպքում լիազոր մարմնի ղեկավարն էր ընտրում մրցույթով հաղթած հավակնորդներից մեկին և սահմանված կարգով կնքում պայմանագիր: Փոփոխությունով խորհուրդը կընտրի մեկ թեկնածու, կամ հաղթող չի ճանաչվի:

Մրցույթի արդյունքի վերաբերյալ բողոքի առկայության դեպքում առավել հստակեցվել են լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը և այն հիմքերը, որոնցով հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն:

99