Թալիշները համարում են, որ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան չի պահպանվում։
Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը (ATİŞ) Բաքվի կողմից ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Շրջանակային համաձայնագրի կատարման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ընդունած բանաձևի հետ կապված այլընտրանքային զեկույց է պատրաստել։ Ըստ այս զեկույցի՝ Ադրբեջանում փակվել են թալիշերենով նյութեր հրապարակող talish.org, tolishstan.com, tolishpress.org կայքերը։ Բացի այդ, 30 տարվա ընթացքում թալիշալեզու ոչ մի լրատվամիջոց պետության կողմից ֆինանսական աջակցություն չի ստացել, իսկ թալիշ ակտիվիստները ժամանակ առ ժամանակ ենթարկվում են հետապնդման։
Զեկույցում առաջարկվել է ընդլայնել փոքրամասնությունների լեզուների ուսուցման ոլորտը, նպաստել հարգանքի և միջմշակութային փոխըմբռնմանը, ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային առաջարկություններին, ինչպես նաև ընդլայնել փոքրամասնությունների լեզուներով հեռարձակումը, աջակցել փոքրամասնությունների ԶԼՄ-ներին և ընդլայնել ազգային փոքրամասնությունների հետ կապված հարցերի վերաբերյալ մեծ թվով հաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը:
Նշվել է, որ թալիշները բնիկ ժողովուրդ են, նրանց թիվը, պաշտոնական տվյալներով, 112 հազար է, սակայն իրական թիվն ավելի մեծ է: