Ինչպես հայերը, այնպես էլ թալիշները Կովկասյան տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից են: Հարյուրամյակներով միևնույն տարածաշրջանում ապրելով հանդերձ, երկու ժողովուրդներն էլ ունեն բազում ընդհանրություններ:

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իրավացիորեն արձանագրել. «Որևէ կասկած չկա, որ երկու ժողովուրդները շփվել են մինչև տարածաշրջանում թյուրքալեզու տարրի հայտնվելը: Այս իմաստով երկու հինավուրց ժողովուրդները, որոնք այսօր Հարավային Կովկասում կիսում են նույն ճակատագիրը, կարիք ունեն գործակցության, կարիք ունեն երկխոսության, կարիք ունեն իրար հասկանալու, առանց զգացական մոտեցումների»:

 

Այս համատեքստում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ունեն կարևոր առաքելություն: Հայկական երկու պետություններն էլ պետք է մոբիլիզացնեն իրենց ունեցած հնարավորությունները և համագործակցության եզրեր գտնեն թալիշների հետ:

 

Լեզգի հասարակական գործիչ Ասար Ալի Կաիմովն այսօր «Տելեգրամի» իր էջում նկատել էր, որ թալիշները, լեզգիները, ավարները, թաթերն ու շատ այլ ժողովուրդներ չպետք է պայքարեն հանուն բռնապետ Իլհամ Ալիևի: «Սա իսկական բանտ է, որում ոչնչացվում է այս ժողովուրդների մշակութային և պատմական ժառանգությունը»,- ընդգծել էր հասարակական գործիչը:

 

Արցախահայերը, թալիշները, ավարները, թաթերն ինչ-որ տեղ կիսում են նույն ճակատագիրը: Նրանց թշանամին մեկն է՝ Ադրբեջանը, որն ամեն կերպ փորձում է ոչնչացնել այս ժողովուրդների ազգային ինքնությունն ու հարուստ մշակույթը, և ոչ միայն: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան մի բացատրություն ունի. «Կոկա-Կոլա»-ից կարճ պատմություն ունեցող երկիրը ցանկանում է բնաջնջել կովկասյան հնագույն ժողովուրդներին: Ադրբեջանի այդպիսի գործելաոճը պետք է ստիպի թալիշներին միավորվել մեկ միասնական գաղափարի շուրջ, այն է՝ պահպանել ազգային ինքնությունն ու հայրենի բնօրրանը:

 

Պատմական ակնարկ - Թալիշներն իրանական ժողովուրդ են, որ ապրում են Կասպից ծովի հարավարևմտյան ծովեզրյա հատվածում: 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմներից հետո Թալիշստանի տարածքը կիսվում է Ռուսական կայսրության և Իրանի միջև: Մինչև ռուս-պարսկական երկրորդ պատերազմը (1826-1828 թթ.) Ասթարաչայ գետի երկու հատվածների թալիշները բնակվում էին միասին, սակայն 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո երկու երկրների միջև հաստատվեց նոր սահման, և թալիշների զբաղեցրած տարածքը բաժանվեց երկու մասի. առաջինը հյուսիսային Թալիշն է, որը գտնվում է Ասթարաչայ գետի մի կողմում՝ ընդգրկելով Ադրբեջանի Հանրապետությունում Լենքորանի շրջանից մինչև Կուր գետի սահմանն ընկած տարածքը, և երկրորդը՝ հարավային Թալիշը, որն էլ գտնվում է Իրանի Գիլանի նահանգի տարածքում։ Խորհրդային միության ականավոր արևելագետներից Ն. Մառը (19-20-րդ դդ.) «թալիշ» էթնոնիմը կապում է «Dalaa» անունը կրող հնագույն ցեղի հետ՝ հիմնվելով «dal» արմատի վրա և, ըստ այդմ, թալիշներին կապում է կովկասյան հնագույն ժողովուրդների հետ։ Ուսումնասիրողների մի մասն էլ համարում է, որ թալիշները համարվում են կադուսների հետնորդները՝ հաշվի առնելով երկու էթնիկ խմբերի զբաղեցրած տարածքները, ինչպես նաև երկու էթնոնիմների նմանությունը։ Հետաքրքիր է այն փաստը, որ թալիշական ներկայիս բնակավայրերում գոյություն ունեցող մի շարք հասարակական նշանակության կառույցներ կրում են «Կադուս» անվանումը։ Ռուսական կայսրության փլուզումից հետո՝ 1919թ. հյուսիսային թալիշները կազմավորում են Թալիշ-Մուղանյան առաջին հանրապետությունը, որը, սակայն,երեքամսյա կյանք է ունենում և նվաճվում Մուսավաթական Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական ԽՍՀ կազմում մինչև 1936 թ. թալիշները հնարավորություն են ունենում զարգացնել ազգային կյանքը, որից հետո թալիշ մտավորականները, Զ. Ահմադզոդայի գլխավորությամբ, աքսորվում են Սիբիր, իսկ թալիշ անունն իսպառ արգելվում է Ադրբեջանում: ԽՍՀՄ փլուզումից հետո թալիշները փորձում են վերագտնել սեփական ինքնությունը, սակայն բախվում են Բաքվի վարչակարգի կոշտ հակազդեցությանը: Դրա վառ ապացույցն է 1993 թ. Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության ճնշումը Բաքվի վարչակարգի կողմից ռազմական բիրտ ուժի կիրառմամբ: Անկախ Ադրբեջանի 25-ամյա գոյությունը ցույց տվեց, որ թալիշներին սպառնում է թյուրքացման և պատմության թատերաբեմից հեռանալու լուրջ վտանգ: Այս ժողովուրդն Ադրբեջանում զրկված է ինքնության պահպանման բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական հանրապետության տարածքում բնակվող 1,5 մլն թալիշներից շուրջ 300000 արտագաղթել է հայրենիքից տնտեսական ծանր վիճակի պատճառով: Արտագաղթածները հիմնականում բնակություն են հաստատել ՌԴ-ում՝ ստեղծելով ազգային-մշակութային և հասարակական կառույցներ:

1977