ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի  իր ելույթում անդրադարձավ  44-օրյա պատերազմում ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներին, ինչպես նաև խոսեց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու մասին:

«2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժ­ներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,-ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։

«Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը»,-  հավելեց Փաշինյանը:

1077